Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ – Հայրիկյանին մեքենա էր հետևում. նախագահի թեկնածուն՝ մահափորձի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ – Հայրիկյանին մեքենա էր հետևում. նախագահի թեկնածուն՝ մահափորձի մասին

Այսօր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող, երկու օր առաջ մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ոտքի է կանգնել, դուրս է եկել վերակենդանացման բաժնից և շփվել իրեն այցելած կողմնակիցների և լրագրողների հետ:

Epress.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Հայրիկյանն իրեն լավ էր զգում: Նախագահի թեկնածուն նշել է, որ գիշերը հանգիստ է եղել:

Հայրիկյանի խոսքով՝ բժիշկներն ասել են, որ պետք է մոտ մեկ շաբաթ անցկացնի հիվանդանոցում, բայց վստահություն է հայտնել, որ ինքը շուտ դուրս կգա:

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չի ցանկանում, որպեսզի ընտրությունները երկու շաբաթ հետաձգելուց հետո 40-օրյա ժամկետում նոր ընտրություններ նշանակվեն: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դեռևս պաշտոնապես չի հայտարարել, որ ցանկանում է երկու շաբաթով հետաձգել ընտրությունները, սակայն դա հնարավոր է համարել ՝ ասելով, որ «իրենք են արդեն որոշումը կայացրել, բայց վերջնականը ես պետք է ասեմ»:

Նա նաև ներկայացրել է մահափորձի հետ կապված մի քանի դրվագներ: Հայրիկյանի խոսքով՝ հարձակման պահին ինքն ուժեղ գոռացել է, և հարձակվողը անակնկալի է եկել: Նախագահի թեկնածուն նշել է, որ եթե գնդակը ոչինչ չի վնասել, ուրեմն «վերևից քեզ օգնողներ կան»:

«Որևէ մեկին մեղադրել չեմ կարող, որովհետև ես ինքս էի ասել, որ ինձ թիկնապահ պետք չի: Օրինակ, ընկերներս ուզում էին ուղեկցել… Եթե մեկը հետս լիներ, նրանք չէին մոտենա, որովհետև սկզբում ուրիշ մեքենայով ստուգեցին՝ ես մենակ եմ, թե չէ», – պատմել է նախագահի թեկնածուն:

Զրույցի վերջում Հայրիկյանը կրկին անդրադարձել է ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու խնդրին և ասել, որ այդ մասին «բոլոր մակարդակներով պայմանավորվել է»: