Home / Տեսանյութեր / Խաբված բնակարանատերերի մի մասը բնակարաններ կստանա

Խաբված բնակարանատերերի մի մասը բնակարաններ կստանա

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորուստը։

Տուժածների իրական վնասների վերականգնման համար նախատեսվում է Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքն օտարել «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերոնշյալ ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, հանրային մեծ հնչեղություն ստացած այս հարցի կառավարական քննարկմանը, բացի զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ամփոփելով մտքերի փոխանակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի։

«Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը` հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։ Բացի դա, բացահայտված այս դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերոնշյալ փողոցի բնակիչները տարիների ընթացքում բողոքի ակցիաներ են կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ կառավարության շենքի մոտ՝ փոխհատուցում պահանջելով: Բացի Արամի փողոցի բնակիչներից, խաբվել են նաև Բուզանդի, Եկմալյան փողոցի նախկին բնակիչները:

2006 թվականին նրանք դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: Նույն տարվա ընթացքում «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել բնակիչների հետ՝ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք բազմակի անգամ վերավաճառվել են ընկերության կողմից:

Պապոյանը ձերբակալված է, ընթանում է քննություն: