Home / Հայաստան / «Ազիզ ջան, ինքը ստեղացի չի». մեքենաները մարդկանց բերում էին ընտրելու (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Ազիզ ջան, ինքը ստեղացի չի». մեքենաները մարդկանց բերում էին ընտրելու (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այսօր Еpress.am-ի թղթակիցը շրջել է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի քանի ընտրատեղամասերում ու ամեն տեղ գրեթե նույն պատկերը նկատել:

Տեղամասերի մոտ կանգնած են եղել խմբերով երիտասարդներ, որոնք երկար ժամանակ չեն հեռացել տարածքից և տեղամաս մտնողներին ցուցումներ են տվել: Մի շարք դեպքերում արձանագրվել են ինչպես զույգերով, այնպես էլ խմբակային  քվեարկություններ: Մասնավորապես, Աջափնյակի թիվ 6/01 ընտրատեղամասում միջին տարիքի մի կին քվեախցիկից հարցրել է, թե ինչ է պետք է անի քվեաթերթիկի հետ, ինչին ի պատասխան տարեց մի կին հուշել է, թե հարկավոր է նշում կատարել կուսակցություններից մեկի դիմաց:

Epress.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք առաջին անգամ է ընտրության եկել, եթե չգիտի, թե ինչպես պետք է քվեարկել, կողքին կանգնած տարեց մի կին պատասխանել է. «Չէ, ազիզ ջան, ինքը ստեղացի չի, նոր ա եկել»:

Լրագրողին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե որտեղից է «նոր եկել», կանայք հրաժարվել են պատասխանել:

Նույն տեղամասում քվեարկություն կատարած անձը դուրս է եկել շենքից, մի քանի րոպե անց վերադարձել ու առանց բեյջի նստել հանձնաժողովի անդամների շարքում:

Ի դեպ, այս տեղամասի բակում երեք երթուղային էր կանգնած՝ թիվ 52 համարի՝ 2 և թիվ 74 համարի՝ 1 մարդատար գազել:

Թիվ 6/02 ընտրատեղամասում մեր տեսախցիկը ֆիքսել է միաժամանակ քվեարկող մի քանի կանանց:

Նկարահանումն ավարտելուց հետո՝ տեղամասից դուրս գալու պահին, ՀՀԿ-ի վստահված անձ ներկայացած մի երիտասարդ լրագրողին հարցրել է՝ ինչի համար է նկարահանում: Еpress.am-ի թղթակիցը հորդորել է չխոչընդոտել իր աշխատանքը, սակայն երիտասարդը շարունակել է  պնդել, թե՝ «քուր ջան, սխալ բան ես անում, ինչ ա եղել որ, բա ո՞նց քվեարկեն, ըտենց ճիշտ ա»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/5, 8/6 ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ, մի քանի ժամ անց նույն մարդիկ, ովքեր «հերթի մեջ էին» խմբված են եղել տեղամասի բակում:

8/4 ընտրատեղամասի բակում լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են արծաթագույն Վազ 2115, կապույտ «Ռենջ-ռովեր» և սպիտակ «Ֆորդ» միկրոավտուբուսով պարբերաբար մարդկանց բերում տեղամաս:

Մեքենաների վարորդները մարդկանց իջեցրել են մուտքի մոտ, մի քանի րոպե անց վարորդը միայնակ վերադաձել, նստել է մեքենան ու հեռացել: Ավելի ուշ նույն մեքենան ընտրատեղամաս  է վերադարձել այլ մարդկանց հետ ու նորից ուղեկցել ընտրատեղամաս: