Home / Հայաստան / «Էրեբունի» տաքսի ծառայության մեքենաներով մարդկանց տեղամասեր են բերում

«Էրեբունի» տաքսի ծառայության մեքենաներով մարդկանց տեղամասեր են բերում

Էրեբունի վարչական շրջանի մի շարք ընտրատեղամասերի մոտ առավոտից մարդկանց բերում են «Էրեբունի» տաքսի ծառայության մեքենաներով: Epress.am-ի լրագրողը մի քանի նման դեպք է նկատել և նկարահանել է տաքսիները: Նկարահանումներ են իրականացրել նաև դիտորդները: Դա նկատելով՝ տաքսիստները սկսել են տեղամասերից հեռու կայանել մեքենաները: Դրանցից դուրս եկած տարեց մարդիկ էլ, իրենց հերթին, բողոքել են դիտորդներին, թե խոսք են տվել տեղամասի մոտ կանգնել, բայց հեռու են մեքենաները կայանում:

Էրեբունի վարչական շրջանի 13/23 ընտրատեղամասի մոտ այսօր առավոտից կանգնած են եղել մեկ կին և երկու տղամարդ, որոնց մոտենում են տեղամաս մտնողները և զրուցում նրանց հետ:

Տղամարդկանցից մեկն առավոտյան մտել էր ընտրատեղամաս և փորձել էր օգնել վատ տեսողություն ունեցող տարեց մարդու, սակայն նրան թույլ չեն տվել, քանի որ տղամարդը անձանգիր չի ունեցել և չի կարողացել գրանցվել:

11:15-ի սահմաններում դրսում կանգնած եռյակին մոտեցել է «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մեդիա դիտորդը և տեսախցիկով սկսել է նկարահանել նրանց և խնդրել է ներկայանալ: Կինը և տղամարդիկ արագ հեռացել են, իսկ ՀՀԿ-ի վստահված անձը դուրս է եկել տեղամսից ու սկսել է, իր հերթին, նկարահանել դիտորդին:

Ինչո՞ւ է նկարահանում հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ականն ասել է, թե «լավ եմ անում, բա դու խի ես իրանց նկարում»:

Քիչ անց ընտրատեղամասի մոտ նախորդ եռյակին մի քանի այլ մարդ է փոխարինել, որոնք շարունակում են շփվել տեղամաս մուտք գործող մարդկանց հետ: