Home / Հայաստան / Կենտրոնում քվեարկել են վարորդական իրավունքի վկայականով (թարմացվում է)

Կենտրոնում քվեարկել են վարորդական իրավունքի վկայականով (թարմացվում է)

16.48 Կենտրոն համայնքի 10/18 ընտրատեղամասում Հելսինկյան ասոցիացիայի դիտորդները արձանագրել են քվեարկություն վարորդական իրավունքի վկայականով, թեև ՀՀ ընտրական օրենսգրքի 64 հոդվածի համաձայն` Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար`զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են /քվեարկում են/ զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում:

14:35  7-1 և 7-3 ընտրատեղամասերի հանձնաժողովների «Ժառանգություն», ՀԱԿ և Դաշնակցության հանձնաժողովականներին 099200010 համարից զանգահարել է մեկը` ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդի Վարդանինն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Բարև Երևան»-ի ցուցակի 2-րդ համար Անահիտ Բախշյանը:

14.25 13/21 տեղամասում (Հիդրոմելիորատիվ քոլեջ), ՀՀԿ երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ երկրորդը մնացել է տարածքում և չի հեռացել։ Այնուհետեւ նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։ Դիտորդը պահանջել է լքել քվեարկության սենյակը: Դիտորդը շրջել և դիտարկում է կատարել նաեւ ընտրատեղամասի մոտ, որի ընթացքում նրան է մոտեցել սպիտակ գույնի Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի մեջ է գտնվել ՀՀԿ-ի այն վստահված անձը (ում մասին ասվեց վերը), վերջինս դիտորդին ահաբեկել է՝ կապված՝ նրա կողմից իր պարտականություններ կատարելու հետ։ Փաստը գրանցամատյանում գրանցված չէ: Այս մասին հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:

13.55  10/15 ընտրատեղամաս է մոտեցել 82-ամյա Ռիմա տատիկը՝ խնդրելով որևէ մեկին օգնել իրեն: Նրան մոտեցավ «Սոցիալական և տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի դիտորդը և փորձեց օգնել, սակայն նրանց միացավ նաև հանձնաժողովի անդամներից Հայկ Չիլինգարյանը: 82-ամյա կինն աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ վերջինս փորձում է օգտագործել իր ձայնը, հայտնում է «Հետք»-ը:

«Ես ուզում էի ընտրել Րաֆֆիին, բայց ինքը փորձում էր իր ուզած տողում «պտիչկա» դնել: Հետո, երբ ես թույլ չտվեցի, ինձ մոտ եկավ մեկ այլ դիտորդ, օգնեց իմ ուզած տեղը քվեարկել: Երբ այդ աղջիկը բարձրաձայն կարդաց տողերը ու ցույց տվեց՝ որը որտեղ է, ես հասկացա, որ հանձնաժողովի այդ տղան փորձում էր հանրապետականին ընտրել իմ փոխարեն»,- ասել է 82-ամյա կինը:

13.50 ՀՅԴ թեժ գծին ահազանգել են, որ Նոր Նորք վարչական համայնքի 62 դպրոցում տեղակայված 1/28 ընտրատեղամասում ջավախքցիների հոսք է նկատվում: Պարզվել է, որ ջավախաբնակներին ապրիլ ամսին են Երևանի գրանցում տվել:

1/30-ում ՀՅԴ վստահված անձից թղթեր են խլել` նրա նշումներով:

Նոր Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզներից մեկում տեղակայված 2/08 տեղամասում զանգվածային կուտակումներ են, իսկ ոստիկաններն ուղղորդում են, թե ում պետք է ընտրեն:

Արաբկիրի Հրաչյա Քոչարի փողոցում տեղակայված ընտրատեղամասերից մեկում պետական ծառայողներին ստիպում են քվեաթերթիկը հակառակ ծալել, որպեսզի հստակ իմանան, որ ՀՀԿ-ին են ընտրել, հայտնում է Yerkir.am-ը: