Home / Հայաստան / «Գենդերային հավասարության սկզբունք». ՀՀ ՊՆ-ն սկսում է կին սպաների պատրաստել

«Գենդերային հավասարության սկզբունք». ՀՀ ՊՆ-ն սկսում է կին սպաների պատրաստել

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում:  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ  է փորձ արվում կանանց ներգրավել զինվորական ծառայության մեջ:

«Սա պլանային գործողություն  է ուղղված բանակում կանանց ներգրավածության ավելացմանը: Հիմա մենք պատրաստում ենք կանանց պրոֆեսիոնալ սպայական կազմ:  Սա ելնում է գենդերային հավասարության սկզբունքից»,- ասել է Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ-ն նշում է, որ ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար։ Տեղերը սահմափակ են:

Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: