Home / Հայաստան / Կասպարովը հնարավոր է չվերադառնա Ռուսաստան

Կասպարովը հնարավոր է չվերադառնա Ռուսաստան

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան: Նա վախենում է, որ կարող է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվել:

Գարրի Կասպարովը հայտարարել է, որ մինչև փետրվարի վերջն ինքը այցելում էր Ռուսաստան, սակայն հետո պարզ դարձավ, որ քաղաքական ակտիվիստների գործողությունների հետաքննությունը կարող է անդրադառնալ նաև իր վրա:

«Հիմա ես լրջորեն կասկածում եմ, թե Մոսկվա վերադառնալուց հետո ինձ թույլ կտան հետ դուրս գալ», – Կասպարովի խոսքն է մեջբերում  ռուսաստանյան ՌԲԿ տեղեկատվական գործակալությունը:

Կասպարովը ակտիվորեն մասնակցել է ռուսաստանյան ընդդիմության գործողություններին: Մասնավորապես, նա մասնակցել է «Միացյալ քաղաքացիական ճակատ» և «Համերաշխություն» կազմակերպությունների ստեղծմանն ու աշխատանքին: Քաղաքական գործչին մեկ անգամ չէ, որ բերման են ենթարկել չթույլատրված ակցիներին մասնակցելու համար: 2007 թվականին նա ձերբակալվել է 5 օրով, և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրան հռչակել է խղճի գերի: 2012 թվականի օգոստոսին Գարի Կասպարովին բերման են ենթարկել Խամովնիչեսկի այգում՝ ի աջակցություն Pussy Riot խմբի մասնակիցների անցկացվող ակցիայի ժամանակ: Բերման ենթարկելուց հետո հայտնվել էր տեղեկություն, թե ոստիկանությունը պատրաստվում էր նրա դեմ քրեական գործ հարուցել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելու» հոդվածով, քանի որ նա ենթադրաբար կծել էր մի ենթասպայի: