Home / Հայաստան / Վրաստանում ակտիվիստներին բերման են ենթարկել Պուտինին հայհոյելու համար

Վրաստանում ակտիվիստներին բերման են ենթարկել Պուտինին հայհոյելու համար

Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Ազատ գոտի» երիտասարդական շարժման երկու ակտիվիստների: Դեպքը տեղի է ունեցել այսօր Արհմիությունների պալատի շենքի մոտ «Սոցիալ-Դեմոկրատների» հավաքի ժամանակ, որին մասնակցում էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Բերման են ենթարկվել Պարնավազ Չկադուան և Դավիթ Գոգոխիան: ակտիվիստները բողոքել են ձերբակալված ՆԳՆ նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբաշվիլիի ձերբակալության և Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության դեմ:

Երիտասարդները բերման են ենթարկվել Պուտինին հայհոյելուց հետո: Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ոստիկանը երկար ժամանակ ակտիվիստին բացատրում՝ հայհոյելը օրենքի խախտում է, հայտնում է Georgia Online-ը:

«Այսօր Պուտինին հայհոյելու համար առաջին անգամ Թբիլիսիի կենտրոնում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի: Ես նույնպես Պուտինին վատ խոսքով հիշատակելու ցանկություն ունեմ»,- հեռուստատեսությամբ հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գեորգի Կանդելակին:

Նրա խոսքով՝ ոստիկանները երիտասարդ ակտիվիստներին բերման ենթարկելու համար հիմքեր չունեին:

Ներկա պահին բերման ենթարկված ակտիվիստները ազատ են արձակվել՝ չբացակայելու ստորագրության դիմաց: