Home / Հայաստան / «Նախախորհրդարան»-ի անդամի ամուսնուն և երեխային հետևել են ավտոմեքենայով

«Նախախորհրդարան»-ի անդամի ամուսնուն և երեխային հետևել են ավտոմեքենայով

Այսօր առավոտյան «Նախախորհրդարան» շարժման անդամ Իրինա Ղափլանյանի՝ Բլուր թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» Տոյոտա Կարոլա մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Այս մասին հայտնում է «Նախախորհրդարան»-ի քարտուղարությունը:

Շարժման հայտարության մեջ ասված է, որ ժամը 08:35 րոպեին, երբ Իրինա Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետևող մեքենան: Հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա:

Նշենք, որ վերջին շրջանում «Նախախորհրդարան» շարժման անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով պահպանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի շենքը որպես հուշարձան: Ավելի վաղ «Նախախորհրդրանի» մեկ այլ անդամ Կարո Եղնուկյանը պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Փակ շուկայի շենքի վրա փակցրել են իր նկարով և «Մասոն» գրությամբ պաստառը: