Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանն առաջարկում է «մոմ վառել, որ արդար որոշում կայացվեց»

Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանն առաջարկում է «մոմ վառել, որ արդար որոշում կայացվեց»

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն օր-օրի սպասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը: Իսկ ովքեր անհանգստացած են այդ որոշումից առաջարկում է «գնալ մոմ վառել, որ Հայաստանում վերջապես գոնե այս գործով արդար որոշում կայացվեց»: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը և հավելել, որ ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել կատարվածի մասին: 

«Մի անգամ ճշմարիտ բան են արել, ինչից լրագրողները անհանգստանում են, հա՞»,-նշեց Ռուբեն Սահակյանը: Դիտարկմանը, թե արձագանքն այդպիսին է, նա արձագանքել է. «Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ: Դա վիրավորական է, դա ժուռնալիստիկա չէ: Դա լկտիություն է ժուռնալիստների կողմից, որոնք արդարությունը թողած մի կողմ, անպայման, ուզում են, որ անմեղը դատապարտվի»:

Հարցին, թե այս որոշումը ենթադրում է, որ Արտակ Բուդաղյանը պետք է դատապարտվի՞, նա պատասխանել է. «Այդ տարբերակը բացառում եմ: Նախ` հոդվածը մինչև երկու տարվա ազատազրկում է նախատեսում: Հետո՝ պատիժը ազատազրկման հետ չէր կապված: Հետևաբար, ազատազրկման մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, Խաչատրյանների ընտանիքից  Բուդաղյանների մասով տուժող է հանդիսանում Լորետա Բարսեղյանը, և համոզված եմ, որ նա չի բողոքի ու չի պահանջի Բուդաղյանին քրեական պատասխանատվության ենթարկել: Տարբերակ կա, որ նրա մասով էլ կկարճվի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Ըստ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության՝ որոշվել է մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: