Home / Հայաստան / Փոստանջյանի հարցը հարված հասցրեց ընդդիմությանը. Դավիթ Հարությունյան

Փոստանջյանի հարցը հարված հասցրեց ընդդիմությանը. Դավիթ Հարությունյան

Այսօր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ասուլիսը սկսել է՝ պատմելով, թե ինչ քայլեր է ձեռնարկել պատվիրակությունը ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում: Լրագրողները, սակայն, հետաքրքրվել են Զարուհի Փոստանջյանի խնդրով:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը երկու կարևոր հարց է բարձրացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ըստ բանախոսի՝ առաջին հարցը Լեռնային Ղարաբաղում ժողովրադավարական գործընթացներին աջակցելու համար Եվրոպայի խորհդրի կողմից քայլեր ձեռնարկելն է:

«Եթե ԵԽԽՎ շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա, պետք է աջակցել Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարացման գործընթացին, առավել ևս եթե նման փորձ ունի Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի հետ աշխատանքի ընթացքում: Եվրախորհուրդը պետք է ներգրավվի ԼՂՀ  հակամարտության լուծմանը՝ Մինսկի խմբի աշխատանքին զուգահեռ, քանի որ ԼՂՀ ևս Եվրոպայի մաս է», – իրենց հիմնավորումը լրագրողներին ներկայացնելով՝ ասել է Դավիթ Հարությունյանը: 

Երկրորդ հարցը, որ բարձրացրել է Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, վերաբերել է Սիրիայում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների, մասնավորապես, հայկական համայնքի ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումներին:

Հարությունյանի խոսքից հետո լրագրողները հարցեր են ուղղել պատվիրակության ղեկավարին, որոնք, սակայն, վերաբերել են ոչ թե բարձրացված խնդիրներին, այլ Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, ինչպես նաև Փոստանջյանին պատվիրակությունից հեռացնելու խնդրին:

Դավիթ Հարությունյանն ասել է, որ իր համար զարմանալի է՝ ինչու է այդ հարցը նման աժիոտաժ առաջացրել, քանի որ նախկինում ևս Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ոչ պակաս սուր հարց է տվել Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ նա պետք է լքի Հայաստանը:

Այն հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն հարցի հնարավորությունը զիջել Փոստանջյանին՝ պատվիրակության ղեկավարը պատասխանել է. «Արհեստական կլիներ, եթե իշխանության ներկայացուցիչը հարցեր ուղղեր իր կուսակից հանդիսացող նախագահին: Հասկանալի կլինի, որ դա սցենար է: Զարուհի Փոստանջյանի հարցը, իմ կարծիքով, ամենամեծ հարվածը Հայաստանի ընդդիմությանը տվեց»: Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցչի նման կեցվածքի մասին պատկերացում չէ, որ ունեին ԵԽԽՎ-ում: Հարությունյանը Փոստանջյանի հարցը վիրավորական է համարել, և ընդգծել, որ նման քաղաքական հնարքներ մինչ այդ էլ օգտագործվել են Վեհաժողովում, մասնավորապես ռուսաստանցի Վլադիմիր Ժիրինովսկու կողմից: 

Ինչ վերաբերում է Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելուն, ապա, ըստ Հարությունյանի, դա ԱԺ նախագահի որոշելիք հարցն է և ինքը չի կարող պատասխանել: Ամեն դեպքում Հարությնյանը հավելել է, որ ընթացակարգը թույլ է տալիս նման քայլի դիմել: