Home / Հայաստան / Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների. նախաձեռնությունը դիմում է պատգամավորներին

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների. նախաձեռնությունը դիմում է պատգամավորներին

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին և Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով նախաձեռնության դիրքորոշումը բարձրաձայնել ԱԺ ամբիոնից:

Նախաձեռնության փաստաբան Հայկ Գրիգորյանը նշում է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Կուտակային կեսնաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնվի:

Բաց նամակի հեղինակները հիշեցնում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին:

Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013 թվականի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար: Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավորհիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից:

Գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է:

Խնդրում ենք ներկայացնել մեր նախաձեռնության դիրքորոշումը ԱԺ-ի ամբիոնից՝ մեր անունից խնդրելով բոլոր շահագրգիռ ու մտահոգ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միանալ այս պայքարին և մասնակցել ստորագրահավաքին՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում», – ասվածէ  նախաձեռնության նամակում:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությունն ինտերնետային էջ է ստեղծել, որտեղ զետեղում է իր պայքարին վերաբերող նյութեր: