Home / Հայաստան / Խաչիկ Ասրյանի դեմ գործ չի հարուցվի. հանցակազմ չեն գտել

Խաչիկ Ասրյանի դեմ գործ չի հարուցվի. հանցակազմ չեն գտել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժեց Խաչիկ Ասրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: Ավելի վաղ ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, որով խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին ենթարկել պատասխանատվության վերջինիս կողմից 2013 թ. հոկտեմբերի 10-ին «Yerkir.am» լրատվական կայքում հրապարակված հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա հարազատներին ուղղված բռնության սպառնալիքներ տալու համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին իրենք ստացել են հանցագործության մասին հաղորդման պատասխանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մ.Ա.Բաբայանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա պատրաստել էր նյութեր և որոշել քրեական գործ հարուցելը մերժել՝ Խաչիկ Ասրյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Որպես որոշման հիմնավորում նշվում է, որ սպառնական հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Խաչիկ Ասրյանը, պարզաբանելով իր արտահայտած միտքը, զանգվածային լրատվության միջոցներով նոր հայտարարություն է տարածել, որում բառացիորեն նշել է. «Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել: Զարուհի Փոստանջյանի մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական և կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու, այլ պարագաներում նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանց խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է այս որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազին: