Home / Հայաստան / ՀՅԴ-ն միջնորդելու է փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը

ՀՅԴ-ն միջնորդելու է փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը

Այսօր ՀՅԴ-ն միջնորդելու է, որպեսզի շաբաթ օրը կալանավորված Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխվի: Այս մասին ասված է ԱԺ ՀՅԴ խմբակցության կայքում:

Վարդան Պետրոսյանին կալանավորել են նոյեմբերի 9-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): 

Պետրոսյանի կալանավորման վերաբերյալ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն ասել է.

«Տեղի է ունեցել ողբերգություն: Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանն այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը: Ավելին՝ նա նաև այն հանցագործը չէ, որին հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից: Ընթանում է քննություն և եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ է՝ օրենքի սահմաններում կկրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ, անհասկանալի է: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա նախաձեռնությամբ, կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը, և քննությունը ընթանա նույն այդ ավտովթարի արդյունքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ»: