Home / Հայաստան / ՊՆ մամուլի խոսնակն այլևս չի ցանկանում մեկնաբանել Կանազի հոսպիտալի միջադեպը

ՊՆ մամուլի խոսնակն այլևս չի ցանկանում մեկնաբանել Կանազի հոսպիտալի միջադեպը

Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում գրանցված միջադեպը ՊՆ-ն չի մեկնաբանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է  ասել է մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքը ծանր հետևանքներ չի ունեցել:

«Գումարած դրան՝ միջադեպի մեջ ներքաշված երեխաների վիճակն այնպիսին է, որ սխալ է այդ լուրերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում», -ասել է մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:

«Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի», – իր գրառման մեջ ընդգծել էր Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ՝ զինվորները հոգեբուժական բաժանմունքից են եղել և նրանց հոգեկան վիճակն է պատճառ հանդիսացել վիճաբանության, այնուհետև՝ փախուստի համար: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, միջադեպի մասնակից զինվորներից մեկը՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, պատմել նշել էր, որ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։

Իր հերթին, Դավիթ Մարկոսյանը պատմել էր, թե ինքը և ևս 3 զինծառայողներ փախուստի էին դիմել հոսպիտալից ծեծի ենթարկվելուց հետո:

«Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն (զինծառայողներից մեկը)ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»», – պատմել էր Դավիթը:

Ավելի ուշ Դավիթը «Ժողովուրդ»-ին ասել էր, որ ինքն ու Արոն (ծեծի ենթարկված զինծառայողներից մեկը-խմբ.) գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ մյուս երկու զինծառայողները՝ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում։

Նոյեմբերի 3-ին դեպքին անդրադառնալով՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ զինծառայողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: