Home / Հայաստան / Աշխարհը խոստանում է Ուկրաինային միայնակ չթողնել

Աշխարհը խոստանում է Ուկրաինային միայնակ չթողնել

Մեծ Բրիտանիան խոստանում է՝ աշխարհն Ուկրաինային միայնակ չի թողնի Կրեմլի հետ հակամարտության ընթացքում ու կշարունակի ձգտել Մոսկվայի կողմից ագրեսիայի դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երկուշաբթի Կիևում Հեյգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում՝ հատուկ ուշադրության արժանացնելով Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները։

«Մենք ստիպված էինք մոբիլիզացնել մեր բոլոր ռեսուրսները՝ մեր տարածքում կատարվող ապօրինի գործողություններին հակազդելու համար», – Տուրչինովի խոսքերն է մեջբերել նրա մամուլի քարտուղարը։

Իր հերթին, Հեյգը ողջունել է Ուկրաինայում տեղի ունեցող փոփոխություններն ու նշել, որ ամբողջ աշխարհն աջակցում է Ուկրաինայի ընտրած ուղին դեպի եվրոպական չափանիշներ ու ժողովրդավարություն։

«Այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք որոշիչ քայլեր ենք ձեռնարկելու՝ դա կանխելու համար։ Աշխարհն Ուկրաինային միայնակ չի թողնի»,- ընդգծել է Հեյգը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավելել է՝ եթե չհաջողվի իրավիճակը հարթել դիվանագիտական ճանապարհով, ապա «Ռուսաստանի համար այլ հետևանքներ կլինեն ու երկիրն այլ գին կվճարի»։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինայում ռազմական միջամտության համար բարձր գին կվճարի։

«Ուկրաինայի ինքնիշխանության ցանկացած խախտում ապակայունացնող կլինի, ինչը չի բխում ոչ Ուկրաինայի, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի շահերից»,- ասել է Օբաման։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Ղրիմում շարունակվում է Ռուսաստանի ռազմական միջամտությունը։ Ռուսաստանցի զինվորականները գրավում են ուկրաինական ռազմական բազաները, սահմանային զորամասերը, կոպիտ ֆիզիկական ուժ կիրառում, ահաբեկում ու սպառնում։