Home / Տեսանյութեր / Կարբիի գյուղացիները բողոքում են նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարբիի գյուղացիները բողոքում են նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 1-ին Կարբի գյուղի կենտրոնում հավաքվել են մոտ հարյուր գյուղացիներ, որոնք հանդիպել են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի, գյուղապետի, Կարբի և Օհանավան գյուղերի մոտ ՀԷԿ-ի շինարարություն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) մի քանի անդամներ։

Ինչպես ասված է ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ, գյուղացիները դեմ են արտահայտվել իրականացվող շինարարությանը:

Գյուղացիների պնդմամբ՝ ՀԷԿ-ն Ապարանի ջրամբարից այնքան ջուր է վերցնելու, որ իրենց խնձորի այգիները ոռոգելու համար ջուր չի մնալու, մինչդեռ ոռոգման ջուրը այսօր էլ երբեմն չի բավականացնում իրենց այգիները ջրելու համար՝ «եթե եղածն էլ պակասի, ապա կցամաքի իրենց ապրուստի միակ միջոցը»։

Բնապահպանների համաձայն, մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում այդպես էլ պատասխան չի տրվել, թե կա՞ արդյոք նախագիծ, համաձայն որի պետք է իրականացվի տվյալ շինարարությունը:

«Գյուղացիներն իրենք էլ չգիտեին, թե վերջապես ի՞նչ է կառուցվում՝ հիդրոէլեկտրոկայա՞ն, ջրագի՞ծ, ջրամբա՞ր, ձկնաբուծարա՞ն, թե՞ մի ուրիշ բան… Մարզպետն ու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչը մեկ պնդում էին, որ կառուցվողը ՀԷԿ չէ, մեկ էլ՝ երաշխավորում էին, որ ՀԷԿ-ի կառուցումով գյուղացիների ոռոգման ջուրը չի պակասի», -ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ ՀԲՃ-ի տեսանյութում.