Home / Տեսանյութեր / Ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը. մամուլի տասը թեկնածուները

Ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը. մամուլի տասը թեկնածուները

Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայաստանյան ԶԼՄ-ների կենտրոնական թեման է։ Տպագիր մամուլում արդեն իսկ վարչապետի թեկնածուների անուններ են շրջանառվում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ բոլորովին վերջերս առաջին թեկնածու կարող էր համարվել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, սակայն, ինչպես նշում է թերթը, այսօր դա միակ տարբերակը չէ։

«Ակնհայտ է, որ այժմ վարչապետի նշանակումն ավելի հիմնավորապես է համաձայնեցվելու ռուսական իշխանության հետ:

Այս իմաստով ամենաընդունելին «ՀայՌուսգազարդ»-ի նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է։ Պակաս «անցողիկ» չէ նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Սա նրա հնարավոր վերադարձի պատեհ շանս է։

Հին անուններին երեկ ավելացել էր բոլորովին անսպասելի մի «վարչապետացու»՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի սեփականատեր Ռալֆ Յիրիկյանը, որը հասարակական ամենաընդունելի կերպարներից է համարվում՝ տարիներ շարունակ իրականացրած բարեգործության շնորհիվ», – գրում է թերթը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի հավանական թեկնածուներն են ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Հայկական ժամանակ», վերլուծելով վարչապետի հրաժարականը, ընդգծում է, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ նոր վարչապետը կարող է չլինել Հանրապետական կուսակցության անդամ։

«Եթե շրջանառության մեջ է դրվել այդ ուղերձը, նշանակում է՝ այն արդարանալու որոշակի հիմքեր ունի։ Համապատասխան թեկնածուին, ուրեմն, նախ պետք է փնտրել Սերժ Սարգսյանի այսօրվա թիմում։ Կառավարության վերնախավում այսօր 2 թեկնածուներ կան, ովքեր ՀՀԿ անդամներ չեն։ Մեկը՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է, մյուսը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհնայանը», – գրում է թերթը՝ ընդգծելով, որ կարծիք կա, թե այս երկուսն են վարչապետի հիմնական թեկնածուները։

Թերթը նշում է, որ Արմեն Գևորգյանը երկար տարիներ Ռոբերտ Քոչարյանի առաջին օգնականը եղած լինելու բերումով կարող է ընդունելի թեկնածու լինել ԲՀԿ-ի համար։ Սեյրան Օհանյանը նույնպես կարող է ընդունելի լինել, որովհետև այն, ինչ ԲՀԿ-ականներն իրենց թույլ էին տալիս Տիգրան Սարգսյանի հասցեին, չեն համարձակվի անել Սեյրան Օհանյանի նկատմամբ։

«ՀԺ»-ն նշում է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի պարագան էլ բացառված չէ, սակայն ԲՀԿ-ին հանդարտեցնելու առումով չունի այն գրավչությունը, ինչ Գևորգյանի ու Օհանյանի թեկնածությունները։

«Այս առումով արդյունավետ կարող է լինել նաև Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, բայց կարծես թե նա հնացած, վտանգներով լի տարբերակ է», – գրում է թերթը։

«ՀԺ»-ն տեսականորեն չի բացառել նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունները։

Ընդհանուր առմամբ հայաստանյան մամուլում հիմնականում շրջանառվում են 10 թեկնածուների անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, Վիգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Ռալֆ Յիրիկյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Գևորգյան, Վլադիմիր Կարապետյան, Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան։

Հոդվածներն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում