Home / Հայաստան / Ծեծի հետևանքով տված ցուցմունքի պատճառով քաղաքացին 8 տարի ազատազրկման է դատապարտվել

Ծեծի հետևանքով տված ցուցմունքի պատճառով քաղաքացին 8 տարի ազատազրկման է դատապարտվել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր Անդրանիկ Գասպարյանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Epress.am-ին այս մասին հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը։

Գասպարյանը մեղադրվում է Քրիստինե Մանուկյանին 2008 թվականի հունվարին առևանգելու, նրա ոսկյա զարգերը և բջջային հեռախոսը գողանալու մեջ: Գասպարյանն իր մեղքը չի ընդունում:

Նա պնդում է, որ իր դեմ ապացույց չկա, կա միայն մեկ անձի ցուցմունք, և այն ձեռք է բերվել ոստիկանությունում ծեծից հետո:

Ցուցմունքը տվել է Արմեն Հայրապետյանը, ով նույն գործով դեռևս 2008 թվականի նոյեմբերին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, մեղավոր ճանաչվելով նաև Մանուկյանին բռնաբարելու, ապա աղջկան սպանելու մեջ:

Հայրապետյանը հրավիրվել էր դատարան ու հարցաքննվել որպես վկա՝ խոստովանելով, որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են՝ ստիպելով ցուցմունքում գրել, թէ Անդրանիկն էլ է իր հետ եղել սպանության ժամանակ: Հայրապետյանը նաև պատմել է, որ՝ «այնքան են ծեծել, որ ուզեցել եմ ինքս ինձ անգամ վնասել, ոնց ուզել են, տենց էլ արել են… մի խոսքով հասան նրան, որ ես ասել եմ` ինչ ուզում եք, գրեք… խփում էին ոտքերիս, պոչկեքիս, չեմ ունեցել պաշտպան, քննիչը ասեց` հիմա պաշտպան ա գալիս, հենց կգա, կհրաժարվես պաշտպանից»:

Անդրանիկ Գասպարյանի միջնորդությամբ որպես վկա ցուցմունք է տվել Արմեն Հայրապետյանի կինը` Ռուզաննա Հովհաննիսյանը: Հարցին, թե ծեծվա՞ծ է եղել արդյոք իր ամուսինը և նկատե՞լ է արդյոք կապտուկի հետքեր, պատասխանել է, որ ամուսնու վրա այդ օրը կապտուկի և ծեծի հետքեր չի նկատել, սակայն ամուսինը շատ տարօրինակ է իրեն պահել, հազիվ է շարժվել, երեխային հազիվ է կարողացել գրկել և ընդհանրապես ինքն իրեն նման չի եղել:

Դատավորն այդ հանգամանքները հաշվի չի առել։