Home / Հայաստան / «Արմավիան» չի վճարում օդաչուի աշխատավարձը` իր հերթին գումար պահանջելով նրանից

«Արմավիան» չի վճարում օդաչուի աշխատավարձը` իր հերթին գումար պահանջելով նրանից

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակից, օդաչու Գեղամ Գաբրիելյանը դատական կարգով արդեն մոտ 2 տարի է ընկերությունից պահանջում է իրեն հասանելիք 12 միլիոն դրամը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գեղամ Գաբրիելյանի պաշտպան Մանուշակ Հակոբյանը։

Այս գումարը գոյացել է Գաբրիելյանին չվճարված աշխատավարձից և արձակուրդայինից, ինչպես նաև երկու ամիս պարապուրդի մատնելու համար չվճարված գումարների համահաշվարկից։ Հակոբյանը նշել է, որ դատական գործընթացն արդեն 2 տարի է տևում, քանի որ նիստերը երկու ամիսը մեկ են կայանում, բացի դա դատարանը փոխվել է, քանի որ «Արմավիան» այդ ընթացքում փոխել է գրանցման հասցեն։

Փաստաբանի խոսքով՝ «Արմավիան» ոչ միայն չի անդրադարձել աշխատավարձ չվճարելու մասին հայցին, այլ հակըննդեմ հայց է ներկայացրել Գեղամ Գաբրիելյանի դեմ։ Ըստ փաստաբանի՝ դատարանը հաշվի չի առել, որ հակընդդեմ հայցը կապ չունի սույն գործի հետ և միացրել է այդ երկու գործերը՝ մեկ վարույթում։

Հակընդդեմ հայցը վերաբերում է Գաբրիելյանի որդու՝ օդաչուական դպրոցում սովորելու պայմանագրի կնքմանը։ «Արմավիան» պնդում է, որ վճարել է երիտասարդի ուսման վարձը և այժմ պահանջում է վերադարձնել այդ գումարը։

««Արմավիան » փոխանակ բացատրի՝ ինչու իր պարքտը չի տալիս, կամ գոնե հերքի, որ պարտք է իմ վստահորդին, փորձում է ապացուցել, որ մի բան էլ մենք ենք պարտք։ Մինչդեռ Գաբրիելյանն այդ ուսանողական պայմանագրի համար որևէ փաստաթուղթ, պարտավորություն չի ստորագրել»,- ասել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ավիաընկերության 20 այլ աշխատակիցները ևս իրենց հասանելիք գումարները պահանջում են դատական կարգով։