Home / Տեսանյութեր / «Վանաձորում խուճապն անհիմն է»․ ԱԻՆ-ը նոր երկարաշարժ չի կանխատեսում

«Վանաձորում խուճապն անհիմն է»․ ԱԻՆ-ը նոր երկարաշարժ չի կանխատեսում

Վանաձոր քաղաքում տեղեկատվություն է տարածվել, թե ևս մեկ երկրաշարժ է լինելու։ Անհայտ աղբյուրից այս «կանխատեսումը» խուճապ է առաջացրել քաղաքում, արդյունքում՝ օրը վերածվել է ոչ աշխատանքայինի։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Օֆելյա Զոլյանը։ Նշենք, որ Վանաձորի մոտակայքում վերջին 24 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ և 4 հետցնցում է գրանցվել։

Զոլյանի խոսքով՝ քաղաքացիները դիմում են նաև իրենց գրասենյակ՝ օգնություն և խորհուրդ ստանալու համար։ Վանաձորցիները պատմել են գրասենյակի աշխատակիցներին, թե մանկապարտեզներից երեխաներին տուն են ուղարկում, չի աշխատում պոլիկլինիկաներից մեկը, դատարանը։

«Ապահովության համար մարդիկ դրսում են՝ փողոցներում։ Դե ասել են, որ երկրաշարժը լինելու է ժամը 12.00-ի սահմաններում։ Բայց և մարզպետարան և Արտակարգ իարվիճակների վարչությունը հերքել են, թե նման տեղեկություն են տարածել»,- ասել է Զոլյանը։

Ըստ նրա՝ մարդկանց խուճապի պատճառը հավանաբար այն է, որ երեկ գրանցված երկրաշարժը շատ մեծ աղմուկ է առաջացրել, բնակիչները զգացել են թե ցնցումը, թե հետցնցումները։ Շատերը տներից դուրս են վազել։

Խուճապին արձագանքել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը տարածած հաղորդագրության մեջ նշում է․

«Ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշպանության ծառայության դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»։ 

Լուսանկարը՝ commons.wikimedia.org