Home / Տեսանյութեր / Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը չընթերցվեց․ նրան սատարողները միտում են տեսնում

Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը չընթերցվեց․ նրան սատարողները միտում են տեսնում

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայանքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը պետք է հրապարակեր ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը։ Նիստը, սակայն չի կայացել․ ինչպես հայտնել են դատարանի դահլիճում, Լևոն Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է և նա չի կարողացել ներկա գտնվել նիստին։

Epress.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասել է, թե քաղբանտարկյալ Ավետիսյանի գործով նիստերը մշտապես արհեստականորեն երկարաձգել են։

«Իրենք արդեն չգիտեն՝ ոնց վարվեն, ժամանակին արհեստականորեն դատական նիստերը հետաձգում էին, ամեն տեսակի անհեթեթություններ անում, հատուկ հրահրում, որպեսզի դահլիճում աղմուկը լինի ու առիթ ունենան դատը հետաձգելու։ Մենք դա շատ շուտ հասկացանք ու վերջին նիստերը բոյկոտում էինք, չէինք մտնում ներս՝ թույլ չտալով դատավորին պրովոկացիա կամ սադրանք անել։ Հիմա նոր պատճառով են հետաձգում դատական նիստը՝ իբրև թե դատավորը հանկարծակի վատացել է, հետո էլ ասում են, թե նրա արձակուրդի ժամանակն էլ է», – ասել է Սարուխանյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե այսօր դատավորը ներկայանար նիստին, ապա ստիպված կլիներ արդարացման դատավճիռ ընթերցել։

«Բաց չթողնելու պարագայում նա պետք է հաստատեր դատախազի պահանջը՝ 6,5 տարի, կամ 5 տարի գումարած մեկ օր, որպեսզի համաներումը չկիրառվի։ Դա կնշանակի դատական վճռի բացարձակ խայտառակ նախադեպ»,- ասել է մեր զրուցակիցը։

Նա նշել է, որ դատին չներկայանալու պատճառը Ավետիսյանին որոշ ժամանակով ևս անազատության մեջ թողնելու ցանկությունն է։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է 2000 դոլար կաշառք վերցնելու մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։