Home / Տեսանյութեր / Ալիև դուշման, Սերժ թշնամի, Պուտին վրագ․ «Ոչ պատերազմին» երթը Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ալիև դուշման, Սերժ թշնամի, Պուտին վրագ․ «Ոչ պատերազմին» երթը Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

«Aliev düşman (Ալիև դուշման), Սերժ՝ թշնամի, Путин – враг (Պուտին՝ վրագ)», «Խաղաղությունը՝ ժողովրդին, պատերազմը՝ ռեժիմներին», «Ռեժիմները պահպանվում են կրակոցներով», «Մարդիկ մեռնում են, օլիգարխները՝ հարստանում»։ Այսօր Երևանի կենտրոնում անցկացված «Ո՛չ պատերազմին» անունը կրող երթի մասնակիցներն այս և մի շարք նման վանկարկումներ էին հնչեցնում։

Մոտ 4 տասնյակ խաղաղասերներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանատուն և, անցնելով Մաշտոցի պողոտայով, երթն ավարտել են Ազատության հրապարակում։ Երթի ավարտին ակտիվիստները հանրային քննարկում են անցկացրել՝ ամփոփելով ակցիան։

1peace

2peace

3peace

Երթի ընթացքում մասնակիցները պահել էին պաստառներ, որոնք շեշտում էին երկրներում հաստատված ռեժիմների մեղքը, սահմանային լարվածության հարցում Ռուսաստանի Դաշնության դերակատարումը։

9peace

4peace 5peace

Epress.am-ի հետ զրույցում երթի մասնակից, արվեստագետ Կարեն Օհանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում տուժում են միայն չպաշտպանված քաղաքացիները, սահմանամերձ գյուղերի բնակիչները, հասարակ զինվորները, մինչդեռ ռեժիմների ղեկավարներն իրենց խնդիրներն են լուծում։ Օհանյանը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները նախաձեռնել են Սոչիի հանդիպումները աշխարհին ցույց տալու համար, թե իրենք էլ կարող են խաղաղարար լինել՝ լուծման ելքեր գտնելով ղարաբաղյան հակամարտության հարցում։

11peace

«Իրականում երկիրը վտանգի մեջ է, որովհետև մենք հետևյալ արտահայտություններն ենք անում՝ «երկիրն ունի նախագահ, նախագահը կորոշի, պետք է միավորվել նրա շուրջ», «Ռուսաստանը մեր մեջքին կանգնած է, Ռուսաստանը կորոշի»։ Դրանք մանիպուլյացիաներ են, որոնք ձեռնտու են միայն իշխանավորներին», – ասել է Օհանյանը։

7peaceշ

8peace

ԱԳՆ-ի շենքի մոտ խաղաղության երթի մասնակիցներին միացել են իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը և Արթուր Սաքունցը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։

10peace

Պարույր Հայրիկյանն ասել է, որ երթը չպետք է ընկալել որպես միայն ՀՀ իշխանությունների դեմ կազմակերպված միջոցառում։ Ըստ նրա՝ ճիշտ է ընտրված նաև երթուղին, մասնավորապես, ՌԴ դեսպանության մոտ գնալը, քանի որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Նախիջևանը ժամանակին Ադրբեջանին նվիրել է Ռուսաստանը։

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունից խաղաղություն պահանջելը անտեղի է, ներկայիս կառավարությանը միայն հեռանալու պահանջ կարելի է դնել։

Արդեն Մաշտոցի պողոտայում ակցիայի մասնակիցներին միացել են մի խումբ երիտասարդներ Եվրամիության դրոշներով, որոնք տարվա ընթացքում մասնակցել են Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հավաքներին։

12peace

Երթի մասնակիցներից ոմանց ԵՄ դրոշ բարձրացնելու փաստը դուր չի եկել, մասնավորապես, նախաձեռնող խմբի անդամ Անտոն Իվչենկոն ասել է, որ որևէ դրոշ բերելու մասին նախնական պայմանավորվածություն չի եղել, իսկ միայն ԵՄ դրոշը ծածանելը երթի ժամանակ կարող է երթի մասնակիցների համապատասխան քաղաքական կողմնորոշման մասին թյուր պատկերացում ստեղծել հանրության մոտ։ Այդ մասին Իվչենկոն զրուցել է Պարույր Հայրիկյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում