Home / Հայաստան / Ոստիկանը Շանթ Հարությունյանի գործով հակասական ցուցմունք է տվել դատարանում

Ոստիկանը Շանթ Հարությունյանի գործով հակասական ցուցմունք է տվել դատարանում

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարության տուժողների և վկաների հարցաքննության ողջ ընթացքում ցուցմունք տվող ոստիկանները դատական դահլիճ են մտել ոչ թե սովորական, այլ դատավորի մուտքից։

Այս մասին այսօր դատարանում հայտատարել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ այդ փաստի մեջ տեսնում է դատարանի կողմնակալ վերաբերմունքը։ Պաշտպանը առարկել է նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողություններին․ ըստ Պետրոսյանի՝ նախագահողը հաճախ վերաձևակերպում է փաստաբանների հարցերը՝ այդպիսով ուղղորդելով պատասխան տվող ոստիկաններին, կամ ընդհանրապես հանում է հարցերը։

Այս առարկությանը միացել է նաև ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հակադարձել է, թե դատավորի գործողությունները չեն քննարկում։

Այսօրվա դատական նիստին հարցաքննվել է որպես տուժող անցնող ոստիկանության փոխգնդապետ Վարդան Գևորգյանը։ Նա նախնական ցուցմունքում հայտնել էր, որ հարված էր ստացել գլխին, իսկ տեսանյութերի զննությունն այդ փաստը չէր հաստատել։ Այս հակասությունը Գևորգյանը բացահայտել է նրանով, որ նկատի ուներ, թե գլխարկն է ընկել։

Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը ոստիկանին խնդրել է բացատրել, եթե վերջինս ցանկանում էր կանխել երթի՝ փողոց դուրս գալը, ապա ինչո՞ւ էին ոստիկանները շարք կազմել ոչ թե մայթի երկայնքով, այլ հակառակը՝ Օպերայի հետևի մուտքից ճանապարհ բացելով դեպի Մաշտոցի պողոտա։ Հարցին տուժողը հստակ պատասխան չի տվել։ Ոստիկանը նաև հակասական պատասխաններ է տվել այն հարցին, թե արդյոք գիտեր, որ նոյեմբերի 5-ի երթին քաղաքացիական հագուստով ոստիկաններ ևս լինելու են։ Գևորգյանը դատարանում ասել է, թե չգիտեր այդ մասին, և քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին հետագայում է իմացել՝ ԶԼՄ-ներից։ Մինչդեռ, ինչպես նշել է ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանը, Գևորգյանը նախաքննական ցուցմունքում ասել է, թե ճանաչում էր ոստիկան Էդգար Ալեքսանյանին, ով այդ օրը քաղաքացիական հագուստով է եղել։

Գևորգյանի ցուցմունքով ավարտվել է որպես տուժող անցնողների և վկաների հարցաքննությունը։ Այժմ դատարանն անցնում է ամբաստանյալների հարցաքննությանը, որը կմեկնարկիօգոստոսի 13-ին նշանակված նիստով։

Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։

Լուսանկարը՝ նոյմեբերի 5-ի երթից