Home / Հայաստան / «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները կրկին բողոքում են․ մարզպետը խոստացել է հարցը քննարկել վարչապետի հետ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները կրկին բողոքում են․ մարզպետը խոստացել է հարցը քննարկել վարչապետի հետ

Սեպտեմբեր 9-ին վաղ առավոտից Լոռու մարզպետարանի դիմաց էին հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության աշխատողները, գրում է asparez.am-ըՆրանք եկել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպելու ակնկալիքով, որպեսզի վերջինիս խնդրեն զբաղվել աշխատավարձի պարտքի խնդրով և այդ հարցի մասին բարձրաձայնել վերադաս մարմիններում:

«Մեր Լոռվա լեզվով ասած՝ մի ցռան մոզին մի նախրի անունի հետ ա խաղում: Էսօր մեր ղեկավարությունը չի մտածո՞ւմ, որ մարդիկ կան, որ շահագործում են ու վաղը մյուս օրը ընտրությունների ժամանակ տվյալ կուսակցության վրա չեպեներ ա գալու,- ընկերության արդեն նախկին աշխատակից Ալեքսան Բեգլարյանի խոսքը փոխանցում է asparez.am-ը, – Էսօր մենք հույսներս դրել ենք մեր ղեկավարության, մեր կառավարության վրա: Մեր հարցը մնում ա սենց օդում կախված: Կարո՞ղ ա մենք էլի նույն ճանապարհով գնանք: Բացառվում ա»:

Աշխատակցի կարծիքով՝ «ղեկավարությունը պարտավոր է դատի տալ այն մարդուն, ով իրենց աշխավարձ չի վճարում»:

Հարցին, թե գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հետ վերջին հանդիպման ժամանակ ինչ պայմանավորվածության են եկել աշխատողները, գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը պատասխանել է. «Ոչ մի պայմանավորվածության: Քրդի լոլոն նվագեց ու գնաց: Մեր միջին եւ ավագ ղեկավարության մեջ, մարզպետից բացի, ոչ մեկին չենք հավատում, մարզպետն էլ ինքը իրա բերանով ասում ա՝ ոչ մի բան չեմ կարա անեմ»:

Բողոքի ակցիայի ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մոտեցել է աշխատողներին ու խոստացել, թե այսօր ժամը 16։00-ին կառավարությունում 2015 թ.-ի բյուջեի քննարկմանը կտեղեկացնի գործարանի աշխատողների խնդրի մասին:

«Բյուջեի քննարկումից հետո ես անպայման վարչապետի հետ հանդիպելու եմ, խոսեմ», – նշել է Նալբանդյանը:

«Պարոն մարզպետ, խնդրում ենք վարչապետին ասեք, որ էլ հնարավորություն չկա, եթե բացասական պատասխան եղավ, գնալու ենք այլ միջոցների», – մարզպետին ասել են գործարանի աշխատակիցները:

Նշենք, որ գործարանի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում, սակայն խնդիրը լուծում չի ստանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում