Home / Հայաստան / Ի՞նչ կփոխի «Կարֆուրը»․ դրականն ու բացասականը․ «ՀԺ»

Ի՞նչ կփոխի «Կարֆուրը»․ դրականն ու բացասականը․ «ՀԺ»

Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան նշանակալի իրադարձություն է և արմատական փոփոխություններ է բերելու շուկայում, սակայն դրա հետևանքով կլինեն թե դրական, թե բացասական զարգացումներ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում լույս տեսած «Ի՞նչ կփոխի «Կարֆուրը»» հոդվածում նման եզրահանգում է անում Հայկ Գևորգյանը։

«Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել։ Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ցանցը։ Իսկ դա նշանակում է՝ աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ… Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք ներկայումս համարվում են էկզոտիկ և վաճառվում են10-12 անգամ ավելի թանկ գներով, քան Եվրոպայում։ Օրինակ, կան ֆրանսիական պանիրների և երշիկների տեսակներ, որոնց մեկ փաթեթը Ֆրանսիայում արժե, ասենք, 1,5 եվրո, բայց մեր «էլիտար» համարվող սուպերմարկետներում վաճառվում է 8 հազար դրամով (14 եվրո)։

Սակայն, ակնհայտ է, որ կլինեն նաև բացասական երևույթներ և դա իհարկե, պայմանավորված է նրանով, որ մի, ըստ էության, մենաշնորհին՝ «Երևան Սիթիներին», փոխարինելու է մյուսը՝ «Կարֆուրը»: Իսկ որտեղ կա մենաշնորհ, կան մեծ ռիսկեր: Օրինակ, հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է «Կարֆուրը» որոշելու իր ապրանքների գները: Գնագոյացման հարցում կա երկու հիմնական մոտեցում: Առաջին մոտեցումը հետևյալն է. վաճառողը հաշվարկում է, թե որքան է կազմում այս ապրանքի ինքնարժեքը, դրան գումարում է իր սահմանած շահույթը և այն վաճառում, առանց հաշվի առնելու, թե տվյալ պահին այլ խանութներում ինչ արժե այդ նույն ապրանքը․․․

…Այս դեպքամ շատ ապրանքների գներ «Կարֆուրի» գալուց հետո կէժանանան: Երկրորդ սկզբունքն այն է, որ անկախ նրանից, թե ինչ է «նստում» քո վրա տվյալ ապրանքը, դու այն վաճառում ես այն գնով, որով վաճառում են մյուսները: Եթե «Կարֆուրը» աշխատի այս սկզբունքով, Հայաստանամ գների էական փոփոխությաններ չեն լինի: Ո՞ր տարբերակը կընտրի «Կարֆուրը» հայտնի չէ, նա ունենալու է մենաշնորհ և կարող է անել ինչ ուզենա…

…Բայց ամենամեծ խնդիրը, որ կծագի «Կարֆուրի» մասով, դա ներքին արտադրողների հետ փոխհարաբերություններն են: Հայաստանում քիչ ապրանքներ են արտադրվում, որոնց որակը, գինը և արտադրության ծավալները կարող են բավարարել «Կարֆուրի» պահանջներին: Իսկ այդ պահանջներին բավարարելու համար մեր արտադրողներից աննկարագրելի ջանքեր են պահանջվում։ Այսինքն՝ «Կարֆուրի» մուտքը մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն առևտրի, այլ նաև արտադրության վրա»,– նշում է հոդվածագիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում