Home / Հայաստան / ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն դեմ են սահմանադրական փոփոխություններին

ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն դեմ են սահմանադրական փոփոխություններին

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունից` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը:

Ինչպես նշված է երկու կուսակցությունների տարածած համատեղ մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր:  

«Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության  անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված  բարեփոխումների իրականացումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև կարևորել են մինչև հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու և համախմբելու նպատակով:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը նախաձեռնել է գործող իշխանությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փոփոխությունները նախատեսում են նվազեցնել նախագահի դերը՝ մեծացնելով խորհրդարանինը: