Ազգային ժողովում ձևավորվելու է խորհրդարանականների խումբ, որը կմեկնի Լեռնային Ղարաբաղ՝ Լաչինի (Բերձորի) միջադեպը տեղի իշխանությունների հետ քննարկելու նպատակով։ Այս մասին այսօր ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ խմբում յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկված կլինի մեկ ներկայացուցիչ։
Սահակյանի խոսքով՝ ինքը զրուցել է ԼՂՀ նախագահի և Ազգային ժողովի նախագահի հետ, ովքեր խոստացել են, որ ՀՀ պատգամավորներն այնտեղ կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։
ԱԺ նախագահն ասել է նաև, որ Բերձորի միջադեպով զբաղվում է ԼՂՀ դատախազությունը։
Նշենք՝ այսօր ավելի վաղ ԱԺ ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու և Ստեփանակերտ մեկնելու առաջարկով հանդես էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։