Home / Հայաստան / Ինչու հայ քննիչները Պերմյակովի հագուստից կրակոցի արգասիքների փորձաքննություն չեն վերցրել․ «168 ժամ»

Ինչու հայ քննիչները Պերմյակովի հագուստից կրակոցի արգասիքների փորձաքննություն չեն վերցրել․ «168 ժամ»

Հայատանցի քննիչները Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովից այնպիսի փորձանմուշներ չեն վերցրել, որոնք կարող էին պարզել՝ արդյոք նրա հագուստի կամ մարմնի վրա առկա են կրակոցի արգասիքներ։

«168 ժամ» պարբերականի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել են․ «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ․Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ արգասիքներն այդքան երկար չեն պահվում․ «Հետևաբար՝ այդ փուլում, ըստ էության, արդեն իսկ անիմաստ էր [դա անել], բայց այդ գործողությունը բավական էական եմ համարում, քանի որ դրա միջոցով ևս մեկ ապացույց ձեռք կբերվեր․ եթե նրա մարմնից արգասիքներ հայտնաբերվեին՝ կունենայինք ևս մեկ ապացույց, որ նա, ըստ էության, առնչություն ունի այս դեպքին»։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում