Home / Հայաստան / ՌԴ֊ն հետաքրքրված չէ աբխազական երկաթուղին վերականգնելու հարցով․ վրաստանցի պաշտոնյա

ՌԴ֊ն հետաքրքրված չէ աբխազական երկաթուղին վերականգնելու հարցով․ վրաստանցի պաշտոնյա

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը վերականգնելու հարցում Ռուսաստանի կողմից առանձնահատուկ հետաքրքրվածություն չի նկատվում, հայտնում է Georgia Online կայքը։

Աբաշիձեն ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել են անցած շաբաթ Պրահայում՝ չորսամսյա դադարից հետո։ Քննարկման հիմնական թեման եղել է երկրների միջև մաքսային վարչարարության ու առևտրաշրջանառության վերահսկողության մեխանիզմի հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի գործնական իրականացման հարցը։

«Հանդիպման ավարտին ես հայտարարեցի, որ երկաթուղին վերականգնելու հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ, մանրամասն քննարկում այդպես էլ տեղի չունեցավ։ Ճիշտն ասած, ես [ռուսական] կողմից առանձնահատուկ հետաքրքրվածություն չեմ տեսնում, բայց կրկնում եմ՝ որևէ մանրամասն քննարկում չի եղել»,֊ մարտի 2֊ին «Ռուստավի֊2» հեռուստաալիքի եթերում ասել է Աբաշիձեն։

Նշենք, որ երկաթուղու գործարկման մեջ հետաքրքված է հայկական կողմը։ Նախորդ տարվա հունիսին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի աբխազական երկաթուղին սկսի գործել, քանի որ դա «մեզ համար կենսական նշանակություն ունի»։