Home / Տեսանյութեր / Գազի տեսուչներին ստիպում են վճարել բնակիչների պարտքերի դիմաց. նախաձեռնություն

Գազի տեսուչներին ստիպում են վճարել բնակիչների պարտքերի դիմաց. նախաձեռնություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները վերջին երկու ամիսներին իրենց կողմից հսկվող տարածքներում գազի վարձը չվճարած քաղաքացիների փոխարեն ստիպված են լինում վճարել սեփական գրպանից: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Անի Կաղինյանը։ Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնությանը ահազանգել են մի քանի գազի տեսուչներ:

«Քանի որ բնակիչների սոցիալական վիճակը էլ ավելի է վատացել, նրանք խնայում են գազը, խնդրում են տեսուչներին ժամանակ տալ՝ պարտքը մարելու համար։ Եթե, օրինակ, գալիս են պայմանավորվածության, որ ամսի 25-ին կվճարեն, սակայն գումարը չեն կարողանում գտնել, ղեկավարությունը ստիպում է, որ տեսուչն ինքը իր քարտից աշխատավարձը հանի ու պարտքը մուծի՝ պատճառաբանությամբ, թե ինքն էր պայմանավորվել, ինքն էլ պատասխանատու է»,- պատմել է Անի Կաղինյանը:

Նա նշել է, որ այս տարվա սկզբից ընկերությունն անգամ վերցնում է տեսուչների բանկային քարտերը, որոնց միջոցով նրանք աշխատավարձ են ստանում:

Նախաձեռնության ներկայացուցչի խոսքով՝ դա «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կողմից կիրառվող աշխատանքի իրավունքի միակ ոտնահարումը չէ։ Դեռևս այն ժամանակվանից, երբ ընկերությունը կոչվում էր «Հայռուսգազարդ», այնտեղ հետևյալ պրակտիկան է կիրառվում. տեսուչների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելուց տեսուչներին ստիպում են նաև ստորագրել աշխատանքային պայմանագիրը խզելու մասին փաստաթղթեր, որոնցում նշված չէ ազատման ամսաթիվը:

«Այդ փաստաթղթերը մնում են տնօրինության մոտ, ցանկացած պահի, եթե տեսուչը տնօրինության քաղաքականությանը հակասող մի քայլ անի, այդ փաստաթղթերը առանց իրեն հարցնելու կհամարվեն վերջնական, և նա կհեռացվի աշխատանքից»,- ասել է Անի Կաղինյանը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ այն տեսուչները, ովքեր բախվել են տվյալ խնդրին, կարող են դիմել տնօրինությանը։

Երբ Epress.am-ի թղթակիցը նշել է, որ տեսուչները չեն ցանկանում բացահայտել իրենց անունները, վախենալով կորցնել աշխատանքը,

Սարդարյանն ասել է, որ ինքը տեղեկություն չունի, թե տեսուչներին ստիպում են վճարել բաժանորդների փոխարեն:

«Մենք ունենք թեժ գիծ, եթե որևէ մեկը ունի բողոք, կարող է զանգահարել: Բողոքը պետք է հասցեատեր ունենա, չէ՞»,- ասել է Սարդարյանը:

Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրերի կնքմանը, Սարդարյանն ասել է, որ այդ հարցը պետք է ճշտի իրավաբաններից, իսկ այսօր՝ ապրիլի 4-ը, ոչ աշխատանքային օր է: