Home / Տեսանյութեր / ՀԷՑ-ը «ձախ» հոսանք է վաճառում և կեղծում կորուստների մասին տվյալները. Բագրատյան

ՀԷՑ-ը «ձախ» հոսանք է վաճառում և կեղծում կորուստների մասին տվյալները. Բագրատյան

Բաղրամյան պողոտայի փակված հատվածը, որտեղ 2 շաբաթ նստացույց էին անցկացնում էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները, անկախ Հայաստանն էր, որը պետք է լայնանար և տարածվեր։ Այս մասին այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ  նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ ափսոսանք հայտնելով, որ նման հանրային տարածքը վերացվեց։ Պատգամավորն ասել է, որ եթե 1 ցուցարար էլ մնար, հավաքը ցրել չէր կարելի, և իշխանության ներկայացուցիչներն իրենք պետք է Բաղրամյանում կանգնեին ժողովրդի կողքին: Նշենք, որ ոստիկանությունը ցուցարարներին ցրեց հուլիսի 6-ին:

Բագրատյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը արդարացի է, քանի որ նման գինը (օգոստոսի 1-ից 48.78 դրամ) չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Թանկացման  առաջնային պատճառը, ըստ տնտեսագետի, այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կեղծում է, թե 13-14 տոկոս կորուստ ունի։

«Իրականում նման կորուստներ չկան։ Իրական կորսուտները մոտ 4-5 տոկոս են։ Այդ  8-9 տոկոսը գրում են, որ փակեն «ձախ» վաճառած էլեկտրաէներգիան. սուբյեկտներ կան, որ էժան  են վճարում, կամ ձրի էլեկտրաէներգիա են սպառում։ Եվ դրա համար վճարում է ժողովուրդը։ Սա է հիմնական պատճառը», – ասել է Հրանտ Բագրատյանը։
 
Նա հիշեցրել է, որ արդյունքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ավելի բարձր է, քան նույնիսկ Վրաստանում և Ուկրաինայում, որոնք հրաժարվեցին մտնել ԵՏՄ և որոնք չունեն Հայաստանի նման զարգացած էլեկտրաէներգիայի արտադրություն։   

Բագրատյանի խոսքով՝  գնի բարձրացումը կանխելուն խանգարում է նաև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվել է 40 դրամով մեծ ծավալի էլէներգիա գնել Հրազդանի ՋԷԿ-ից (աշխատում է ռուսական գազով), մինչդեռ, օրինակ, ատոմակայանն արտադրում է 6 դրամանոց հոսանք, ՀԷԿ-երը՝  մինչև 8-9 դրամանոց։  

Պատգամավորի կարծիքով՝ էներգետիկ ոլորտում դա առաջին խայտառակ գործարքը չէ Ռուսաստանի Դաշնության հետ։ Բագրատյանն ասել է, որ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը, որն ունիկալ կառույց, անվճար է տրվել ՌԴ-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ: