Home / Հայաստան / Դատախազը չի բացատրում՝ ինչու խտրականության մասին եզդի մեղադրյալի խոսքերը գործում տեղ չեն գտել

Դատախազը չի բացատրում՝ ինչու խտրականության մասին եզդի մեղադրյալի խոսքերը գործում տեղ չեն գտել

ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործով այսօրվա դատական նիստը սկսվել է ուշացումով մեղադրյալի և տուժող, ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի բացակայության պատճառով:

Դատական նիստից առաջ Ամարյանի պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դժգոհել է, որ իր պաշտպանյալն ուշանում է․ «Պաշտպանը դատից կես ժամ առաջ եկել է, ինքը չի գալիս: Այն դեպքում, երբ պայմանավորվել էի, որ խոսելու բան ունենք, թող շուտ գան: Ինչ անպատասխանատու ժողովուրդ են»:

Նշենք, որ Յուրա Ամարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, քանի որ վերջինս իրեն պաշտպանելու փոխարեն համոզում է ընդունել մեղքը, որպեսզի մեղմ պատիժ ստանա։ Ամարյանը չի ընդունում մեղադրանքը. նա պնդում է, որ ԴԱՀԿ աշխատողներն են իրեն և մորը ծեծել և հայհոյել՝ ասելով․ «Ես քո եզդի լավը»։ Մեղադրյալն ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Epress.am-ի հարցին՝ արդյոք պաշտպանական կողմը ազգային խտրականություն դրսևորելու վերաբերյալ հարցը բարձրացնելու է դատարանում, Լյուդվիգ Ավետիսյանը պատասխանել է, թե այդ մասին ցանկության դեպքում ցուցմունք կտա Ամարյանն ինքը:

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում, որ քարերով հարվածել է ԴԱՀԿ աշխատակցին:

«Իհարկե, ես պետք է նրան պաշտպանեմ, սակայն բոլոր վկաներն ասում են, որ նա քարով է խփել», – ասել է փաստաբանը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ վկաները ԴԱՀԿ այլ աշխատակիցներ են, ովքեր իրենց գործընկերոջ դեմ ցուցմունք չէին տա:

Դատական նիստին ներկայացել էին նաև գործով որպես վկա անցնող ԴԱՀԿ֊ականները։ Մեղադրող դատախազ Մկրտչյանի հետ գրկախառնվելուց հետո նրանք նստել են դահլիճում: 

Մեղադրյալը նիստին չի ներկայացել, և Մկրտչյանը միջնորդել է Ամարյանին բերման ենթարկելու որոշում կայացնել։ Դատավոր Լևոն Ավետիսյանը բավարարել է այդ միջնորդությունը:

Epress.am-ի հետ զրույցում մեղադրող դատախազն ասել է, որ տեղյակ է, թե Ամարյանը խտրականության մասին է բարձրաձայնել, սակայն չի բացատրել՝ ինչու այդ փաստը չի արտացոլվել մեղադրականի մեջ, ինչու մեղադրող կողմը հարկ չի համարել ապացույցներ գտնել ազգային խտրականության մասին հայտարարության վերաբերյալ:

Լուսանկարում՝ Յուրա Ամարյանը (ձախից) և Լյուդվիգ Ավետիսյանը