Home / Հայաստան / Թեղուտի հանքը շահագործող ընկերությունն աչք է դրել նոր անտառային տարածքների վրա

Թեղուտի հանքը շահագործող ընկերությունն աչք է դրել նոր անտառային տարածքների վրա

Լոռվա Լալվարի անտառների խոշոր հատված ոչնչացրած և ապօրինաբար Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս գրուպը» ցանկանում է իր ավերիչ գործունեությունը շարունակել նաև անտառային նոր տարածքներում։ Այս մասին ասված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

Բնապահպանները նշում են, որ «Վալեքս» գրուպի տասնյակ ընկերություններից մեկը՝ «Թեղուտ» ՓԲԸ֊ն, Բնական պաշարների և Էներգետիկայի նախարարությունից լիցենզիա է ստացել Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար։

«Նախքան այդ գործունեությունը սկսելը, այն պետք է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնի, որի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացությունը պետք է տրամադրի Բնապահպանության նախարարությունը։

Արդեն պարզ է դարձել, որ առանց հանրային իրազեկման և, մասնավորապես, ազդակիր համայնքների լիարժեք մասնակցության, օրենքի խախտումներով ձեռք են բերվել ինչ֊որ «գրություններ» Ծաղկաշատ, Հաղպատ և մյուս համայնքների գյուղապետերից, որ իրենք «համաձայն են երկրաբանական ուսումնասիրություններին»։ Համայնքների լիարժեք մասնակցություն իրականում երբեք տեղի չի ունեցել, որոշ լրատվամիջոցների հրապարակումներ ցույց են տալիս, որ ազդակիր համայնքներն իրականում դեմ են նոր հանքարդյունաբերական գործունեությանն ու իրենց շրջակա բնության վրա ունեցած դրա ավերիչ հետևանքներին։ Հիշեցնում ենք, որ երկրաբանական ուսումնասիրություններից հետո որպես կանոն կառավարությունը տալիս է շահագործման թույլտվություններ, այսինքն՝ եթե գործընթացը սկսվում է, դա ավելի ուշ կանգնեցնելը անհնար է դառնում», ֊ նշված է նախաձեռնության հաղորդագրության մեջ։

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10ին, ժամը 12:00֊ին Ալավերդու քաղաքապետարանում տեղի են ունենալու հանրային լսումներ՝ կապված երկրաբանական նոր ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ, և ենթադրվում է, որ ազդակիր համայնքները վճռորոշ դիրքորոշում կարտահայտեն։