Home / Տեսանյութեր / Մաքսատանը ստացական չէին տալիս Սերժ Սարգսյանին սրիկա անվանելու պատճառով

Մաքսատանը ստացական չէին տալիս Սերժ Սարգսյանին սրիկա անվանելու պատճառով

«Զվարթնոց» մաքսատան աշխատակիցներն այսօր առավոտյան երկար ժամանակ հրաժարվում էին «ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ֊ի տնօրեն, ինժեներ-գործարար Վարդգես Գասպարիին տրամադրել վերջինիս կողմից ներկայացրած դիմումի ստացականը։ Նրանք պահանջել են, որպեսզի Գասպարին դիմումից հանի «Ես չեմ բողոքարկելու որոշումը, քանի որ ձեր վերադասները, մասնավորապես, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սարգսյանը բազմակի անգամ ավելի ստոր սրիկաներ են, և դատարան էլ չեմ բողոքարկի, քանի որ դատարան գոյություն չունի» նախադասությունը: Այս մասին Epress.am֊ին պատմել է ինքը՝ Գասպարին։ Նա ասել է, որ հրաժարվել է փոփոխություններ մտնցնել իր տեքստում և որպես բողոքի ակցիա շուրջ կես ժամ պառկել է մաքսատան ղեկավար Վլադիմիր Թամրազյանի սենյակի առջև:

Մաքսատանն ուղղված դիմումում Գասպարին հայտնում էր, որ եթե այսօր էլ իր ապրանքը՝ Թայվանից ներկրված ամբարձիչի հեռակառավարման վահանակը չմաքսազերծվի, ապա այլևս դա անելու կարիք չկա։ Գործարարի ապրանքը Թայվանից հասել է 3 օրում, սակայն արդեն 10 օր է՝ նա չի կարողանում այն մաքսազերծել թղթաբանական խնդիրների պատճառով։

Ինժեներն ընդգծել է, որ իր դիմումի ստացականը ստորագրելն այնքան անցակնալի է եղել մաքսատան աշխատակիցների համար, որ նրանք առաջարկել են հենց այդ պահին կատարել մաքսային ձևակերպումները, այսինքն՝ վերացնել դիմումի անհրաժեշտությունը։

«Ես ասացի, որ թեև ես մեծ ֆինանսական վնասներ եմ կրում, սակայն ինձ համար իմ քաղաքացիական դիրքորոշումն ավելի կարևոր է, և ամեն դեպքում մաքսատանը պետք է ստորագրեն ստացականը։ Ես ասացի՝ դուք Սերժի փաստաբանը չեք, եթե նա ցանկանա, դատարան կդիմի, դուք աշխատավարձ եք ստանում իմ հարկերից», ֊ ասել է Գասպարին։

Վերջինիս տրամադրել են ստացականն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է դադարեցնել ակցիան և զանգահարել է լրատվամիջոցի։

Ավելի վաղ Epress.am֊ը գրել էր, որ Գասպարին ստացած ապրանքի մաքսազերծման գործընթացի ընթացքում բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել ինչպես մաքսատանը, այնպես էլ ԱԱԾ֊ում։

Այժմ մաքսատունը և ԱԱԾ-ն հղում են անում տարբեր օրենքների և ընթացակարգերի՝ հրաժարվելով թույլ տալ ապրանքի մաքսազերծումը: Մաքսատներում քաշքշուկը, Գասպարիի խոսքով, սովորաբար «մաղարիչի» համար է արվում։

««Ես հասկացա նաև, որ մաքսայինում օրենքները չգիտեն։ Օրենքներին չեն տիրապետում, քանի որ դա պետք չէ իրենց, քանի որ այստեղ երկու տիպի մարդիկ են ապրանքներ ներկրում։ Օլիգարխների բիզնեսները, որ մշտական են, որ ինչ ասեն՝ մաքսատանն այդպես էլ կգրեն։ Երկրորդ խումբը մարդիկ են, որ ինչ֊որ գործով են այստեղից օգտվում և պատրաստ են մի փոքր էլ վճարել՝ արագացնելու համար, որով և մաքսավորները, դարձյալ շրջանցելով օրենքները, հարցերը լուծում են հայավարի… ուստի 2 դեպքում էլ պետք չի լինում հետաքրքրվել, իմանալ օրենքները… Արդեն 10 օր Թայվանից ներկրված և Վրաստան արտահանվող իմ ապրանքը մնաց մաքսատանը, իմ հետագա համագործակցությունն վրացի գործընկերներիս հետ արդեն հարցական և ռիսկային է։ Իմ [վրաստանյան] գործընկերները կասեն՝ բա մեզ պե՞տք է այս երկրի քաղաքացու հետ աշխատել»,֊ ասել է Գասպարին։