Home / Տեսանյութեր / Ուկրաինան չի մեկնաբանում, ՀՀ ԱԳՆ֊ի աղբյուրը հերքում է․ Ղրիմի ղեկավարի այցի մասին

Ուկրաինան չի մեկնաբանում, ՀՀ ԱԳՆ֊ի աղբյուրը հերքում է․ Ղրիմի ղեկավարի այցի մասին

Ուկրաինայի դեսպանությունը տեղեկություն չունի, թե Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը Հայաստան է գալու, այդ հարցով ՀՀ ԱԳՆ չի դիմել։ Այս մասին Epress.am֊ին հայտնել են դեսպանությունից՝ մեկնաբանելով ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության տարածած այն տեղեկությունը, որ Աքսյոնովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու։

Epress.am֊ն այդ տեղեկությունը փորձել է ճշտել նաև ՀՀ արտգործնախարարությունից, որտեղից պատասխանել են, թե ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երկրում չէ, և խնդրել են հարցումը գրավոր ուղարկել։

ՀՀ ԱԳՆ անանուն աղբյուրն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Ղրիմի ղեկավար Աքսյոնովին Հայաստան այցելելու հրավեր չի հղվել:

Ըստ նույն աղբյուրի՝ աշնանը Հայաստանում անցկացվելիք համաժողովին մասնակցելու են ռուսաստանյան այն ռեգիոնների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի մարզերի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր: Ղրիմի հետ համագործակցության նման ձևաչափ չկա:

Մոսկվայում «Ազատության» հայկական ծառայության թղթակցի հետ զրույցում, սակայն, չճանաչված Ղրիմի Հանրապետության ղեկավարի խոսնակ Եկատերինա Պոլոնչուկը պնդել է՝ Աքսյոնովի այցը պատրաստում է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գրասենյակը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Աքսյոնովին ընդունելով՝ Հայաստանը շատ վտանգավոր խաղի մեջ կներքաշվի․ «Հստակ տպավորություն կա, որ Հայաստանին ուզում են պարտադրել նման որոշում, և պաշտոնական Երևանի լռությունը այս ֆոնին ցույց է տալիս․ որ առայժմ Երևանը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես վարվի դրա հետ»:

Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանն այս առնչությամբ «Ազատությանն» ասել է․ «Այստեղ կա, բնականաբար, այլ քաղաքական ենթատեքստ, որը ո՛չ Ղրիմի հետ է կապված, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, այլ՝ Մոսկվայի ցանկությունների հետ: Որը այստեղ կարող է հետապնդել երկու նպատակ․ առաջինը, հնարավորինս լեգիտիմացնել Ղրիմի անեքսիան, և երկրորդը, հնարավորինս Հայաստանին ներքաշել իր առճակատման մեջ Արևմուտքի և Ուկրաինայի հետ»:

Նշենք, որ Ղրիմը դե֊ֆակտո Ռուսաստանի Դաշնության կազմ է մտնել 2014 թվականի մարտի 16֊ին կայացած հանրաքվեի արդյունքներով, որոնք չեն ճանաչում Ուկրաինան ու միջազգային հանրությունը։ 2014֊ի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձև է ընդունվել, որով անվավեր է ճանաչվել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն։ Հայաստանը հանդես է եկել ի օգուտ Ռուսաստանի՝ դեմ քվեարկելով բանաձևին։