Home / Հայաստան / Իրանական ալիքի ռասիստական հաղորդումից հետո ադրբեջանցիները դուրս են եկել փողոց (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Իրանական ալիքի ռասիստական հաղորդումից հետո ադրբեջանցիները դուրս են եկել փողոց (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդումը զանգվածային բողոքի ակցիաներ է հրահրել երկրի ադրբեջանաբնակ մի շարք քաղաքներում։ Թավրիզ, Ուրմիա, Սուլդուզ, Արդեբիլ, Մարաղա, Խոյ և Թեհրան քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով դադարեցնել էթնիկ ադրբեջանցիների իրավունքների ոտնահարումներն ու ապահովել խոսքի ազատություն։ Պարզած անգլալեզու պաստառների վրա ցուցարարներն իրենց անվանում են «թուրքեր»։

Իրանական ԶԼՄ֊ներն իրավիճակի մասին լռում են, սակայն սոցցանցերում տեղացիների գրառումների համաձայն, ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով Արդեբիլում ու Թավրիզում կան մի շարք տուժածներ։

Նոյեմբերի 6֊ին «Իրան 2» պետական հեռուստաալիքի «Ֆիթիլ» հաղորդման եթերում ցուցադրվել է հետևյալ սյուժեն․ երկու ադրբեջանալեզու զբոսաշրջիկ հյուրանոցի ադմինիստրատորին բողոքում են իրենց սենյակում տիրող վատ հոտից։ Պարսկալեզու ադմինիստրատորը նրանց բացատրում է, որ վատ հոտը գալիս է հենց զբոսաշրջիկներից, ու նրանց վրա դեզոդորանտ ցանում։ Տուրիստները հանգստանում են, ներողություն խնդրում ու հեռանում։

Բողոքի ալիքից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հաղորդումը եթերից հանել է ու հանրայնորեն ներողություն խնդրել։ Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ, սակայն, դա Իրանի միլիոնավոր ադրբեջանցիներին չի գոհացրել, ու նրանք շարունակում են բողոքել՝ պահանջելով, որ երկրի ղեկավարությունը որևէ կերպ արձագանքի տեղի ունեցածին, իսկ խորհրդարանը ռասիզմի դեմ օրենք ընդունի։