Home / Տեսանյութեր / Քննությունը կարևոր փաստեր է անտեսում․ հայրը վստահ է՝ որդուն բանակում սպանել են

Քննությունը կարևոր փաստեր է անտեսում․ հայրը վստահ է՝ որդուն բանակում սպանել են

Լեռնային Ղարաբաղի զորմասերից մեկում 2015 թվականի մայիսի 8-ին մահացած Հարություն Համբարյանի (լուսանկարում) իրավահաջորդը՝ Հրայր Համբարյանը, բացարկ է հայտնել գործը վարող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային բաժնի պետին, քննիչներին, բաժինը հսկող զինդատախազին: Երիտասարդի հայրը որպես բացարկի պատճառ նշում է այն, որ քննչական մարմինները կատարում են միակողմանի քննություն, ամեն կերպ փորձում են հիմնավորել վարկածը, թե Հարությունը ինքնասպան է եղել: Գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործով մեղադրյալը Համբարյանի ծառայակից Դավիթ Հարությունյանն է։ Տուժող կողմը ինքնասպանության վարկածին չի հավատում, համոզված է, որ Համբարյանին սպանել են։

Հրայր Համբարյանի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ի փորձագետ֊քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս գործով ռեկորդ է սահմանվել․ զենքի, հագուստի և այլ փորձաքննությունների արդյունքները վեց ամիս է՝ իրենց չեն տրամադրում, մինչդեռ սովորաբար նման փորձաքննությունների անցկացումն ու արդյունքների տրամադրումը տևում է մինչև 25 օր, առավելագույնը՝ 2 ամիս։

Մարտիրոսյանն ասել է, որ զինվորի գլխի հրազենային վնասվածքը հասցվել է վերևից ներքև, իսկ դա ինքը՝ մահացածը, չէր կարող անել։ Ինքնաձիգով ինքնսպանություն գործողները կրակում են բերանից կամ ծնոտի տակից։

Համաձայն դատաբժշկական եզրակացության, Համբարյանի վրա կրակել են «տվյալ զենքին բնորոշ կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում»։ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ լրացուցիչ գործոններն են մուրը, վառոդի մասնիկները։ Այսինքն, ըստ փորձագետի, եզրակացությունը հաստատում է, որ ընդհուպ կրակոց չի եղել։

Մահացած զինծառայողի հայրն իր բացարկի միջնորդության մեջ նշում է փաստեր, որ արհամարվում են քննության ընթացքում։

«Զինծառայող Դավիթ Հարությունյանի ցուցմունքի համաձայն` սպանությունից որոշ ժամանակ առաջ որդիս լուրջ ընդհարում է ունեցել համածառայակիցների հետ, առնվազն դրանցից 2֊ի` Հովհաննես Մելքոնյանի և Սմբատ Հայրապետյանի հետ, որի ընթացքում դանակահարել է Սմբատ Հայրապետյանին: Նախաքննական մարմինը ձգտել ու ձգտում է անտեսել այս կարևորագույն փաստը: Սա է պատճառը, որ Սմբատ Հայրապետյանին դատաբժշկական փորձաքննության են ենթարկել միայն Դավիթ Հարությունյանի պաշտպանի համառ պահանջներից հետո: Համաձայն թիվ 387 փորձագիտական եզրակացության, իրոք, Սմբատ Հայրապետյանի աջ և ձախ ձեռքերի վրա հայտաբերվել են բազմաթիվ սպիներ, այդ թվում նաև սուր-կտրող գործիքով հասցված վնասվածքներ, որոնց մի մասը կարող էին առաջանալ սպանությունից մի քանի օր առաջ, կամ հենց սպանության օրը: Չնայած այս աղաղակող փաստին, քննիչ-դատախազները չեն տեսնում ոչ հանցավոր բանդայի գործողությունները և ոչ էլ այդ գործողությունների կապը որդուս սպանության հետ․ ըստ էության, որդիս արժանի հակահարված է տվել հանցագործ խմբին, պաշտպանել է իր անձն ու արժանապատվությունը։

Անհասկանալի է այս եզրակացության մեջ գործի հանգամանքների պարբերությունը։ Քննիչը՝ Ն. Ավետիսյանը, գրում է՝ գործով մեղադրյալ Դավիթ Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, թե կրտսեր սերժանտ Հովհաննես Մելքումյանն իրեն պատմել է, որ Հարություն Համբարյանը վիճաբանություն է ունեցել իր հետ, որի ընթացքում Համբարյանը դանակ է թափահարել ու դանակով վնասել է Սմբատ Հայրապետյանին։ Հարց է առաջանում, եթե Հարությունը վիճել է Հովհաննեսի հետ, ապա ինչո՞ւ է դանակով վնասել Սմբատին։ Իրականում, դեպքին ոչ թե երկու, այլ 5-6 անձինք են ներկա եղել։

Սակայն Սմբատ Հայրապետյանը, ըստ նույն քննիչի, նշում է, որ վիճաբանության մեջ չի մտել Համբարյանի հետ։ Իրեն դանակով ոչ ոք չի հարվածել։ Ո՞նց կարելի է վստահել այս ցուցմունքին, երբ Սմբատի ձեռքերը աշխարհի ֆիզիկական քարտեզ է հիշեցնում, ունի սալջարդ, սուր֊ծակող գործիքով վնասվածքներ՝ 3 տարբեր ժամանակներում հասցված։

Այն, որ Հարությունը հարվածել է Սմբատին, լիովին համապատասխանում է իրականությանը, քանի որ որդիս ֆիզիկապես շատ ուժեղ էր, համարձակ, երբեք թույլ չէր տա, որպեսզի որևէ մի ճիվաղ ձեռք բարձրացներ իր վրա, կամ ճնշեր իրեն: Դրա մասին է վկայում նաև հետևյալ փաստը․ որդիս 2015 թվականի հունվարին քրոջը՝ Հասմիկին, ասել է, որ խոշոր բախում է ունեցել մի խումբ զինվորների հետ, ովքեր ցանկանում էին ճնշել իրեն: Հայտնել է նաև, որ ինքը այս բախումից հաղթանակով է դուրս եկել, ծալել է թշնամիներին՝ խուսափելով խոշոր պրոբլեմներից: Անկասկած, հենց սա է եղել սկիզբը այն պարբերական բախումների, որն ի վերջո հանգեցրել է որդուս սպանությանը: Սակայն նախաքննական մարմինը չի ցանկանում օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն կատարել այս փաստերի շուրջ, բացահայտել հանցավոր խումբը, քանի որ այն հակասում է հորինված ու մերկապարանոց «ինքնասպանություն» վարկածին, քանի որ չի ցանկանում գտնել ու պատժել մարդասպաններին»։