Home / Ապատեղեկատվություն / Բաց ճանապարհ դեպի փակուղի. 2016-ի լուր՝ ըստ Գևորգ Ստամբոլցյանի

Բաց ճանապարհ դեպի փակուղի. 2016-ի լուր՝ ըստ Գևորգ Ստամբոլցյանի

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

Ավելի քան 23 տարի տևած դադարից հետո առաջին բեռնատար գնացքը հայ-թուրքական սահմանը հատեց դեկտեմբերի   1-ի  վաղ առավոտյան՝ Կարսի նահանգի Աքյաքա և Շիրակի մարզի Ախուրիկ գյուղերի մերձակայքում: Երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության վերսկսումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը և Հայատանի խորհրդարանը նոյեմբերի 17-ին զուգահեռաբար   վավերացրեցին դեռ 2009-ի աշնանը կնքված Ցյուրիխյան արձանագրությունները:

Չնայած իրադարձությունը երկար սպասված էր, բայցևայնպես այն չէր ուղեկցվում ոչ հանդիսավոր ճառերով, ոչ էլ երկկողմ կապերը զարգացնելու մասին՝ նման դեպքերում սովորաբար հնչող խոստումներով: Թուրքական կողմում գնացքը ճանապարհում էին   Կարսի նահանգապետարանի աշխատակիցներն ու տեղի ռազմական կայազորի հրամանտարությունը. Շիրակի մարզում այն դիմավորեցին Տրանսպորտի և կապի նախարարն ու մարզպետը:

«Եթե սահմանը բացվեր գոնե 10 տարի առաջ, երբ չէին գործարկվել Հայաստանը շրջանցող տրանսպորտային նախագծերը, նախևառաջ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին, այսօր տեղի ունեցած իրադարձության նշանակությունը շատ ավելի մեծ կլիներ: Ներկա  պայմաններում, սակայն, բաց սահմանի առկայությունը կարևոր է բացառապես Հայաստանի համար», – «Բաց ճանապարհ դեպի փակուղի» վերնագրված հոդվածում գրել է թուրքական Zaman օրաթերթը: