Home / Ապատեղեկատվություն / Սերժ Սարգսյանի հրաժարականը. 2016-ի լուր՝ ըստ Արփի Մախսուդյանի

Սերժ Սարգսյանի հրաժարականը. 2016-ի լուր՝ ըստ Արփի Մախսուդյանի

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

2015 թվականը նորանկախ Հայաստանի պատմության մեջ աչքի ընկավ աննախադեպ իրադարձությամբ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձն ավարտեց հրաժարականով։ Ավելին` Սերժ Սարգսյանն ասաց, որ քաղաքական դաշտից դուրս է գալիս նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության` իմ նախագահության տարիներին գրանցած տնտեսական աննախադեպ անկումը, աղքատության աճը, ահագնացող չափերի հասնող արտագաղթը, հաշվի առնելով տնտեսության մենաշնորհայնացումն ու սերտաճումը քաղաքական կամ, որ ավելի ազնիվ է, քրեական կլանին, հաշվի առնելով իմ և իմ նախագահած կուսակցության՝ ՀՀԿ-ի նկատմամբ ունեցած վստահության դեֆիցիտը` ես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանս, վայր եմ դնում իմ լիազորությունները՝ որպես ՀՀ նախագահ։ Ավելին՝ ես և իմ քաղաքական թիմը կայացրել ենք Հայաստանի քաղաքական դաշտից դուրս գալու որոշում»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ կարևորելով քաղաքական դաշտի անհապաղ առողջացումը։

Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ իր մեկ այլ որոշմամբ Հատուկ քննչական ծառայությանը կփոխանցվեն այս տարիների ամենաաղմակահարույց քրեական գործերը, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանություննների գործի հանգամանքները։

Համաձայն հայտարարության՝ քրեական գործեր կհարուցվեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և այլ անձանց նկատմամբ, որոնք այս տարիների ընթացքում, չարաշահելով իրենց լիազորությունները, պատճառ կամ մասնակիցն են դարձել քրեական աղմկահարույց գործերի։ Մեկ այլ որոշմամբ էլ քրեական գործ կհարուցվի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ՝ ընտրությունները պարբերաբար կեղծելու մեղադրանքով։ Այս գործում, ենթադրվում է, որ կներգրավվեն տասնյակ այլ իշխանավորներ՝ ներկա և նախկին։

«Ես ինքս պատրաստ եմ հարուցված բոլոր գործերում ներգրավվել որպես վկա կամ մեղադրյալ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ սա միակ ճանապարհն է երկրում ստեղծված ներքաղաքական մարտահրավերները հաղթահարելու և զարգացող պետություն կառուցելու համար։