Home / Տեսանյութեր / Դատ․ Ամարիկյանի առողջական խնդիրները բանականության վրա ազդել չէին կարող

Դատ․ Ամարիկյանի առողջական խնդիրները բանականության վրա ազդել չէին կարող

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի շրջանակներում այցելել էր Ավան հոգեկան առողջության կենտրոն: Հաստատությունում բուժվող անձանց հետ զրույցներից մեկի ժամանակ գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին ժուլետա Ամարիկյանի հետ, որը պատմել էր հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի մասին:

Մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար» զեկույցում, որի մեջ տեղ գտած տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ:

Մարտի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժուլետա Ամարիկյանի գործով» դատաքննությունը: Այս դատական նիստին ներկայացել էին հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Է. Բադեմյանը և Կենտրոնի տնօրեն Ա. Հակոբյանը, պատասխանող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ փաստաբան Ա. Զալյանը, գործով ներգրավված վկաներ Դ. Խաչատրյանը, Մ. Ներսիսյանը և Ա. Հարությունյանը:

Դատական նիստին չէին ներկայացել պատասխանող Ժ. Ամարիկյանը և գործով ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ կողմ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչը: Հաշվի առնելով վերջիններիս՝ պատշաճ կարգով ծանուցված լինելը՝ կողմերը չառարկեցին նրանց բացակայությամբ նիստը շարունակելուն:

Վկաներից Առաջինը դատական դահլիճ հրավիրվեց Ավան հոգեկան առողջության կենտրոնի աշխատակից Դ. Խաչատրյանը, որի ցուցմունքից պարզ դարձավ, որ ի պաշտոնե առնչություն չի ունեցել Ժ. Ամարիկյանի հետ վերջինիս ստացիոնար բուժման ընթացքում, նրան հանդիպել է մի քանի անգամ: Վկան նշեց, որ Ժ. Ամարիկյանին առաջին անգամ հանդիպել է, երբ վերջինս ինքնակամ դիմել էր բժշկական հետազոտության: Նրա մոտ հայտնաբերվել էր հոգեկան առողջության խնդիր, որի դեպքում նա չէր կարող վտանգ ներկայացնել շրջապատի համար: Ժ. Ամարիկյանը հրաժարվել էր առաջարկվող բուժումից: Հետագայում վկա Դ. Խաչատրյանի և Ժ. Ամարիկյանի շփումները սահմանափակվել են բժշկական համայցերով:

Կողմերի հարցադրումներին ի պատասխան՝ վկան հայտնեց, որ բուժում ստացող աձինք կարող են հրաժարվել բուժումից և միայն դատարանի որոշմամբ կարող են ենթարկվել հարկադիր բուժման: Ինչ վերաբերում է սննդից հրաժարվելուն, ապա վկայի պնդմամբ՝ դրա իրավունքը ունի յուրաքնաչյուր ոք: Ինչ վերաբերում է զեկույցի շնորհանդեսի ժամանակ Ժ. Ամարիկյանի խոսքին, ապա վկա Դ. Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ չնայած առողջական խնդիրներին՝ նրա խոսքը բավականին սահուն էր, և վարժեցրած լինելու տպավորություն կար:

Հետաքրքրական է, որ նույն երևույթի վերաբերյալ վկան քիչ անց այլ պատասխան տվեց՝ մասնավորապես նշելով, որ զառանցական բնույթի խնդիր ունենալու դեպքում անձը ունակ է սահուն և բանականության սահմաններում ներկայացնելու իր խոսքը: Ապա պատասխանող կողմը հարցերով փորձեց հստակեցնել վկայի ցուցմունքը՝ հարցեր ուղղելով նաև փաստաբանի այցելության, Կենտրոնի մատյանում գրառումներ կատարելու և այլնի վերաբերյալ:

Հաջորդը հարցաքննության հրավիրվեց նույն Ավան հոգեկան առողջության կենտրոնի աշխատակից Մ. Ներսիսյանը, որը Ժ. Ամարիկյանի բուժող բժիշկն է եղել նրա՝ Կենտրոնում գտնելու ժամանակ: Վկան որոշ մանրամասներ ներկայացրեց Կենտրոն ընդունվելու պահին Ժ. Ամարիկյանի առողջական վիճակի վերաբերյալ, մասնավորապես նշեց, որ Ժ. Ամարիկյանը ահաբեկված էր և կասկածներ ուներ մի խումբ մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ եղբոր ընտանիքի, որի հետ բնակվում է նույն բնակարանում, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների:

Ինչ վերաբերում է Կենտրոնում բուժվող անձանց միջանձնային հարաբերություններին, ապա վկան չբացառեց, որ բուժում ստացող անձանց միջև կարող են ծագել տարբեր բնույթի վեճեր, որոնց արդյունքում նրանք կարող են հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին:

Վկա Մ. Ներսիսյանը ևս հաստատեց, որ զառանցական բնույթի հոգեկան առողջության խնդիրը, որն ունի Ժ. Ամարիկյանը, ոչ մի դեպքում չի կարող ազդել բանականության վրա: Միաժամանակ վկան պնդեց, որ Ժ. Ամարիկյանը փոխեց իր դիրքորոշումը Կենտրոնի աշխատակիցների նկատմամբ փաստաբանի հետ հանդիպումից հետո, նա կարծիք հայտնեց, որ փաստաբանի հարցադրումները հրահրող բնույթ ունեին: Վկան նշեց նաև, որ փաստաբանի հետ հանդիպմանը, որին ինքը անձամբ ներկա է եղել, Ժ. Ամարիկյանը քանիցս նշել է, թե մորմոն է և ստելու իրավունք չունի: Հարցին, թե ինչով կբացատրեք Ժ. Ամարիկյանի նմանօրինակ ելույթը, այն դեպքում, երբ պնդում եք, որ նրա հիվանդության դեպքում բանականությունը չի կարող տուժել և նա ունակ էր իր մտքերն արտահայտելու տրամաբանության սահմաններում, վկան պատասխանեց, որ իրենց մոտ բուժում ստացող անձինք ունեն բողոքական հատկություն:

Նշենք, որ պատասխանողի կողմից հայցի շրջանակներում վկաներին տրվող հարցերի դեմ հայցվոր կողմը առակում էր՝ պնդելով, որ դրանք գործի հետ առնչություն չունեն: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ա. Զալյանը ուշադրություն հրավիրեց ներկայացված հայցի առարկայի վրա՝ նշելով, որ հարցադրումները հայցի շրջանակներում են: Դատարանը ևս համակարծիք էր:

Վերջում հարցաքննվեց գործով ներգրավված վկա Ա. Հարությունյանը, որ ներգրավված է եղել մշտադիտարկում իրականացնող խմբի կազմում և անձամբ է հարցազույց ունեցել Ժ. Ամարիկյանի հետ: Ա. Հարությունյանը ներկայացրեց մշտադիտարկման իրականացման սկզբունքներն ու մեթոդները, իրականացված գործընթացն ամբողջությամբ: Վկան նշեց, որ իր հետ հարցազրույցում ժ. Ամարիկյանի կողմից մատնանշված խնդիրները ամբողջությամբ տեղ են գտել մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցում, որոշ մանրամասներ այնուամենայնիվ վկան չկարողացավ հստակ հիշել՝ պայմանավորված նրանով, որ մշտադիտարկումը տեղի է ունեցել տարիներ առաջ:

Կողմերի հարցերին ի պատասխան՝ վկան նշեց, որ Ժ. Ամարիկյանի կողմից տրամադված տեղեկատվությունը ճշտվել է այլ մեթոդներով՝ միաժամանակ ընդգծելով, որ նույն խնդիրները բարձրացրել են Կենտրոնում բուժում ստացող այլ անձինք ևս: Խոսքը մասնավորապես վերաբերում է սննդի որակին և բուժանձնակազմի վերաբերմունքին: Իր ցուցմունքում, ի թիվս այլ խնդիրների, Ա. Հարությունյանը վկայակոչեց Ժ. Ամարիկյանի՝ բուժհաստատության միջանցքի բազմոցին քնելու հանգամանքը, ինչը հայցվոր կողմը ևս չժխտեց:

Լսելով վկաներին՝ Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 14:10-ին: