Գլխավոր / Բանակ / Հայաստանի բանակը գրավում է Բաքուն… ով հավատում է, թող ձեռք բարձրացնի

Հայաստանի բանակը գրավում է Բաքուն… ով հավատում է, թող ձեռք բարձրացնի

֊ Հարգելի գործընկերներ, թանկագին ընկերներ ու ընկերուհիներ, սիրելի աջակիցներ, բարև ձեզ։

Ձեզ եմ գրում բարդ ու տագնապալից պահի․ Ղարաբաղում լրջորեն ու վտանգավոր կերպով կրակում են։ Նոր պատերազմի մեկնարկը բացառված չէ՝ տասնյակ հազարավոր զոհերով ու վիրավորներով, հարյուր հազարավոր նոր փախստականներով։ Մեր ազգերին դա պե՞տք է։ Համոզված եմ՝ ոչ։ Մեր հակամարտությունը պատերազմով կլուծվի՞։ Համոզված եմ՝ ոչ։ Ռազմական ճանապարհով կարգավորումը հնարավոր է միայն մի դեպքում․ Հայաստանի բանակը գրավում է Բաքուն ու Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրում, կամ Ադրբեջանի բանակն է գրավում Երևանն ու Հայաստանին կապիտուլյացիա պարտադրում։ Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր հավատում են այս վայրի գաղափարին։ Ձեռք բարձրացրեք, որպեսզի բոլորը տեսնեն ու որպեսզի դրանից հետո որևէ պարկեշտ մարդ այդ ձեռքը չսեղմի։

Հակամարտությունը մեր ազգերին բազմաթիվ դժբախտություններ է բերել, զրկել է մեզ մեր մեծ թվով սիրելի մարդկանցից ու իրերից։ 17 հազար զոհ, 20 հազար վիրավոր Ադրբեջանում։ 6 հազար զոհ ու ավելի քան 10 հազար վիրավոր Հայաստանում․․․ Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կորցրեցին իրենց հայրենիքը Հայաստանում, հարյուր հազարավոր հայեր կորցրեցին իրենց հայրենիքն Ադրբեջանում։ Նրանք բոլորը վերածվեցին փախստականների։ Հարյուր հազարավոր մարդիկ բռնի տարհանվեցին։ Հրդեհվեցին ու թալանվեցին հարյուրավոր գյուղեր ու տասնյակ քաղաքներ։ Մեր հասարակությունները հետ նետվեցին միջնադար։ Ո՞ւմ է դա ուրախացնում։ Ո՞վ է դրանով հպարտանում։ Ձեռք բարձրացրեք, որպեսզի տեսնենք ու ճանաչենք մարդկային ցեղի թշնամուն։ Որպեսզի հայերն ու ադրբեջանցիները տեսնեն ու ճանաչեն հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համատեղ, խաղաղ ու երջանիկ կյանքի գերեզմանափորներին։

Դժբախտությունը, սակայն, արդեն տեղի է ունեցել՝ մեզ կարողացան թշնամիներ դարձնել․ հեռացող կայսրությանը հաջողվեց մեր միջև հակամարտություն ու պատերազմ խրել։ Եկեք խոստովանենք, որ այն ժամանակ որոշումները մեր երկրներում կայացնում էին մեր ժողովուրդների ոչ ամենաիմաստուն, ոչ ամենաազնիվ և ոչ ամենահավատարիմ որդիները։ Դիմակահանդեսը ղեկավարում էին իշխանատենչ մարդիկ։ Ժողովուրդները տեղյակ չէին ու չէին տեսնում այն ամենը, ինչ արվում էր իրենց անունից։ Բայց նույնիսկ այն ժամանակ, հակամարտության սրման դժվարին տարիներին, թշնամանքի ու ատելության գագաթնակետին, գտնվեցին հայեր ու ադրբեջանցիներ, որոնք չտրվեցին ազգայնական տենդին, զանգվածային հիստերիային ու նախրի բնազդների խելագարությանը։ Մենք բավականաչափ խելք ու խիղճ ունեցանք չդավաճանելու մարդկության իդեալներին, մենք ձեռք մեկնեցինք միմյանց ու սկսեցինք փրկել մեր ժողովուրդների պատիվը, պաշտպանել գերիներին ու պատանդներին, խոչընդոտել նրանց դեմ ոտնձգություններին ու նրանց մարդկային արժանապատվության նվաստացմանը։ Ոչինչ ու ոչ ոք չի կարող ստիպել ինձ մոռանալ այն մեծահոգությունն ու այն խիզախությունը, որ դրսևորեցին իմ հայաստանցի գործընկերներներն ու ընկերներն այն վտանգավոր պահին՝ ադրբեջանցի ռազմագերիների ու պատանդների ազատման ժամանակ։ Ակնկալում եմ «ի հիշատակ զոհերի» կատարած իմ համեստ աշխատանքի փոխադարձ գնահատանք։

Խորին ափսոսանքով ստիպված եմ նշել, որ ռազմական գործողությունների ապրիլմեկյան սրումը երերացրեց մեր թանկագին գործընկերներից ոմանց հոգեկան հավասարակշռությունը․ նրանք տրվեցին ռազմական պսիխոզին՝ հանդես գալով մի շարք ռազմատենչ հայտարարություններով։ Կարծում եմ՝ անողոք ժամանակներն ու մեր ավտորիտար ու կոռումպացված հասարակությունների թունավոր ու գաղջ մթնոլորտում կյանքի դժվարին պայմանները խաթարել են մեր երկրների քաղաքացիների բարոյական ամրության հիմքերը։ Այնուամենայնիվ, խաղաղարարների ու իրավապաշտպանների մեր մտերիմ ընտանիքի մեծամասնությունը պահի այսրոպեական ազդեցությանը չտրվեց։ Նրանք, ովքեր չդիմակայեցին պատերազմի պսիխոզին, կորցրեցին իրենց յուրօրինակ ինքնությունն ու դարձան «բոլորի պես»։ Այդպիսով, նրանք կորցրեցին իրենց, դավաճանեցին ինքներն իրենց, իրենց փառահեղ ու ազնիվ անցյալին, հնարավոր է, նույնիսկ, ապագային։ Հավատացեք՝ իրական ու անկեղծ խաղաղարարներն ու իրավապաշտպանները եղել ու մնում են բացառություն․ հազվագյուտ ու արժեքավոր բացառություն ազգայնամոլության բացիլով վարակված անգիտակից ու անտարբեր մարդկանց զանգվածի ֆոնին։

Այս բոլոր տարիներին հայաստանցի ու ադրբեջանցի խաղաղարարներն առանց ջանքեր խնայելու աշխատել են հանուն խաղաղության։ Համաձայնության ենք եկել սկզբունքային հարցերի շուրջ, մասնավորապես, առ այն, որ մեր հասարակությունների ժողովրդավարացման երաշխիքը հակամարտության այնպիսի կարգավորումն է, խաղաղ կյանքի այնպիսի դասավորվածությունը, որի դեպքում հայերն ու ադրբեջանցիները կկարողանան ապրել ՄԻԱՍԻՆ։ Նախ՝ Ղարաբաղում, այնուհետև, Աստված տա, նաև Բաքվում ու Երևանում։ Մեկուսացումը, առանձնացումը, մեր ժողովուրդների «մշակութային ու էթնիկ անհամատեղելիության» մասին առասպելի հաղթանակը միայն կհավերժացնեն քրեական֊օլիգարխիկ կլանների հաղթանակը, որոնք իրենց իշխանությունը սնում են ամբոխի թշնամանքից ու անհանդուրժողականությունից։

Հենց այս հնարավորության իրականությունն ապացուցելու նպատակով է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան կազմակերպել բազմաթիվ ճանաչողական ուղևորություններ կոնֆլիկտային գոտիներ, առաջին հերթին՝ Ալանդյան կղզիներ, ուսումնասիրել խաղաղ կարգավորման նրանց արժեքավոր, փոխադարձ շահավետ փորձը։

Հայերի ու ադրբեջանցիների՝ խաղաղ ու փոխադարձ հարգալից շփման հնարավորությունն ապացուցելու նպատակով անցկացվել են տասնյակ հանդիպումներ տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով։ Հարկ է հատուկ նշել Վրաստանի Թեքալի գյուղում անցկացվող հանդիպումներն ու «լսումները», որոնք ստացան «Թեքալիի գործընթաց» անունը: Այս գործընթացը ցույց է տվել, որ սովորական հայերն ու ադրբեջանցիները ոչ միայն հանդուրժող են շփման մեջ, այլև հետաքրքրված են միմյանցով ու վստահում են միմյանց, ինչն ամբողջությամբ հերքում է մեր «անհամատեղելիության» ջատագովների պնդումները։ Մենք աշխատել ենք։ Բայց աշխատել են նաև նրանք, ովքեր մեծ եկամուտներ են քաղում հակամարտությունից, ովքեր իրենց հարստությունն ու իշխանությունը կառուցել են թշնամանքի ու պատերազմի հիմքի վրա։ Աշխատել են նաև պատերազմը հրահրողները կայսերական կենտրոնից։ Նրանց ռեսուրսները շատ ավելի մեծ են, նրանք վերահսկում են հանրային կարծիքի ձևավորման աղբյուրներն ու գործիքները։ Հենց նրանք են խլեցրել փոխզիջման, համաձայնության ու ըմբռնման մեր կոչերը։

Կարծում եմ, որ իրատես հայաստանցի խաղաղարարը պարտավոր է հայտարարել, որ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, հակառակ Հայաստանի իշխանությունների պնդումների, լուծված չէ ու չի լուծվելու, քանի դեռ չի գտնվել լուծում, որն ընդունելի է նաև Ադրբեջանի ու Ղարաբաղի ադրբեջանցիների համար։ Ճշմարիտ ադրբեջանցի խաղաղարարը պարտավոր է հայտարարել, որ Ղարաբաղում իրական խաղաղության հիմքը պետք է լինի նաև հայերի իրավունքն անվտանգ ապրելու իրենց հայրենիքում, ազատ ղեկավարելու իրենց գործերը՝ առանց Բաքվին «ուղղահայաց ենթակայության», ինչպես նաև ունենալ հնարավորություն առանց որևէ խոչընդոտների շփվել ու համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։

Առողջությունս խաթարվել է, հուսով եմ՝ ժամանակավորապես, հետևաբար, ես ի վիճակի չեմ նախկին օպերատիվությամբ արձագանքել ընթացիկ իրադարձություններին։ Քրտնաջան աշխատանքի, դժվարությունների, բարոյական ճնշման ու թյուրըմբռնման երկար տարիները խաթարել են քաղաքացիական ակտիվիստների առողջությունը։ Այն, ինչ ցանկանում էի ասել հայ ու ադրբեջանցի ժողովուրդներին, արդեն ասել եմ, այն, ինչ ցանկանում էի խորհուրդ տալ, արդեն խորհուրդ եմ տվել։ Պահի ազդեցությանը ես չեմ տրվում։ Ես ուրախ եմ, որ հայաստանցի ու ադրբեջանցի խաղաղարարների երիտասարդ սերունդ է մեծացել։ Հուսով եմ՝ նրանք կկարողանան մեր ժողովուրդներին մեզնից էլ լավ բացատրել, որ երջանկությունը պետության տարածքի որքան հնարավոր է մեծ լինելու մեջ չէ, այլ նրա, որպեսզի այդ պետությունում մարդիկ վստահ լինեն՝ Սահմանադրությունը գործում է, իսկ դատարաններն անկախ են ու արդար, որ չինովնիկները ծառայում են ժողովրդին, այլ ոչ թե թալանում նրանց, որ գողերն ու խարդախները չեն կարող անպատիժ կերպով խաբել մարդկանց, իսկ քաղաքացիները վստահ են, որ որևէ մեկը չի համարձակվի լռեցնել նրանց ձայնը։ Միայն նման պետություններում ժողովուրդները կկարողանան արժանավայել ու երջանիկ կյանք ապրել։ Ներկայիս Հայաստանն ու Ադրբեջանը, հանուն որոնց զոհվում են երիտասարդ տղաներ, պետք է այդպիսին դառնան, որպեսզի արժանավայել ու երջանիկ կյանքի պայմաններ ապահովեն մեր ժողովուրդներին։ Նման պետությունների կառուցման ուղին ընկած է փոխզիջումների ու կողմերի շահերը հաշվի առնելու հիման վրա ձեռքբերված խաղաղության միջով։

Արզու Աբդուլաևա