Home / Հայաստան / Նախագահականի մոտ պահանջում են ազատ արձակել եզդի գործարարին

Նախագահականի մոտ պահանջում են ազատ արձակել եզդի գործարարին

Այսoր առավոտյան՝ 10։00-ից, Հայաստանի եզդիական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ պահանջելով ազատ արձակել գործարար Ջնդի Ամարյանին:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ամարյանին անօրինական կերպով են ձերբակալել: Epress.am-ի հետ զրույցում «Շամս» մարդասիրական ՀԿ֊ի նախագահ Ռուստամ Բաքոյանը (լուսանկարում) նշել է, որ Ամարյանն ապրիլի 2-ից գտնվում է անազատության մեջ: Վերիջինս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

«Եզդիական բոլոր կազմակերպությունները, եզդի գյուղապետերը, ողջ եզդի ազգաբնակչությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ նախագահին լսելի դարձնելու մեր բողոքը…․ Ամարյանին մի բանում են մեղադրում,, որում նա մեղավոր չէ: Ասում են՝ իբր իրեն պատկանող մի ռեստորանում նա մասնակցել է շորթման մի պրոցեսի: Բայց մենք հաստատ տեղեկություն ունենք, որ նա հաստատ չի մասնակցել: Այդ դեպքից 4-5 օր առաջ մահացել էր նրա մայրը, և նա վշտի մեջ էր գտնվում, մեկ օր հետո էլ նրա մոր յոթն էր: Նա չէր կարող այլ բանով զբաղվել», – ասել է Բաքոյանը:

Վերջինիս խոսքով՝ եզդական համայնքի ներկայացուցիչները տվյալ հարցի առնչությամբ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել: