Home / Հայաստան / Թբիլիսիում հոգևորականները խափանել են ռոք փառատոնը

Թբիլիսիում հոգևորականները խափանել են ռոք փառատոնը

Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 4֊ին մեկնարկած Tbilisi JAM! Fest միջազգային երաժշտական փառատոնը հաջորդ օրն ընդհատվել է հարևանությամբ գտնվող եկեղեցու՝ բարձր երաժշտությունից դժգոհ հոգևորականների բողոքից հետո, հայտնում է Sputnik-georgia.ru կայքը։ Փառատոնին պետք է մասնակցեին մի շարք ռոք խմբեր Շվեդիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Հայաստանից ու Ադրբեջանից։

Շաբաթ օրը «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ հոգևորականներն ու նրանց հետ ժամանած քաղաքացիները բողոքել են, թե բարձր երաժշտության ձայնը լսելի էր մոտակայքում գտնվող եկեղեցում ու գերեզմանատանը։ Բողոքից մի փոքր անց փառատոնի անցկացման վայրում անսպասելիորեն անջատվել է էլեկտրականությունը․ մասնակիցները ենթադրում են, որ հոսանքն անձատվել է հենց հոգևորականների կողմից։

«Տեղի ունեցածը շատ տհաճ, ամոթալի երևույթ էր։ Այո, կարելի է ասել, որ փառատոնը խափանվել է հոգևորականների պատճառով։ Ավելի ուշ կտարածենք առավել մանրամասն տեղեկություն», ֊ ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը։

Ականատեսները լրագրողներին հայտնել են, որ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը բոլոր մասնակիցներին ստիպել է լքել տարածքը։ Այդ պահին ելույթ ունեցող Jinjer խումբն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «ցավում ենք, որ քաղաքակիրթ թվացող երկրում կրոնն ավելի մեծ ուժ ունի, քան՝ օրենքը»։ Խումբը նաև հույս է հայտնել, որ շուտով փառատոնի անկացման համար ավելի հարմար վայր կգտնվի, ու իրենք կկարողանան լիարժեք ելույթ ունենալ վրաստանցի հանդիսատեսի առջև։