Home / Մարզեր / Խաղողագործը պետությունից սպասելիքներ չունի․ միջնեկ որդուն ևս երիկամ է անհրաժեշտ

Խաղողագործը պետությունից սպասելիքներ չունի․ միջնեկ որդուն ևս երիկամ է անհրաժեշտ

Սարդարապատ գյուղի բնակիչ, 22-ամյա Սևակ Սարգսյանը (լուսանկարում՝ կենտրոնում) արդեն 2 տարի է երիկամային անբավարարություն ունի։ Նա հաճախ Երևան է գալիս՝ դիալիզ ստանալու համար։ Հիվանդությունը հայտնաբերվել է 2014 թվականին, երբ ֆիզիկական աշխատանք կատարելու ժամանակ նա հանկարծ վատացել է։

«Երբ բանակ գնալու համար բուժզննություն անցա, 3 տարով հետաձգեցին զորակոչը, բայց չասեցին՝ ինչի համար։ Դրանից 2 տարի անց ճնշումս ահավոր բարձրացավ, ասեցին, որ երիկամների խնդիր ունեմ ու պիտի սպասենք մինչև ատկազ անի երիկամներս ու դիալիզ սկսեն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սևակը։

Սևակի եղբայրը՝ Ռուսլանը, նույնպես երիկամային անբավարարություն ուներ։ Նրան մեկ տարի առաջ երիկամի փոխպատվաստում են արել։ Տղայի համար որպես դոնոր հանդիսացել է հայրը՝ Օլեգ Սարգսյանը (լուսանկարում՝ ձախից)։ Այժմ 2 եղբայրներն ու հայրը 2-րդ կարգի հաշմանդամներ են։

«Միջնեկ տղաս արդեն դիալիզ էր ստանում, երբ փոքր տղայիս մոտ էլ երիկամների անբավարարություն հայտնաբերեցին։ Ռուսլանին կարողացանք փրկել, քանի որ մի անանուն բարերար հայտնվեց ու օգնեց, որ փոխպատվաստման վիրահատությունը կայանա։ Փոքր տղայիս էլ չգիտեմ՝ ինչպես օգնել։ Նրան այստեղ վիրահատելու հույս չկա, որովհետև դոնոր չկա։ Ես իմ մյուս երիկամն էլ էս տղայիս կտայի, բայց թույլ չեն տալիս։ Մեր միակ հույսը արտերկրում բուժում ստանալն է։ Ստեղ ոչ մի հույս չկա, որ կփրկվի, էնքան պետք ա օրը մեջ դիալիզ ստանա, մինչև մահանա», – ասել է հայրը։

Սարգսյանը որդու բուժման հարցում հույսն անհատ բարերարների վրա է դրել։ Ասում է՝ փորձել է բանկից վարկով գումար վերցնել, բայց չեն տվել, որովհետև մի անգամ տղայի բուժման համար վերցրած գումարի վճարն ուշացումով էր տվել։ Բանկի հաշվեհամարը տալիս է մարդկանց՝ տարածելու խնդրանքով։

hashvehamar

Խաղողագործությամբ զբաղվող Օլեգ Սարգսյանը նշում է, որ իր ամբողջ ունեցվածքը պատրաստ է վաճառել տղային փրկելու համար, բայց հողատարածքից բացի, ոչինչ չունի․ «Ես իմ բոլոր հողերն էլ դրել եմ, որ վաճառեմ ու իմ տղային փրկեմ, բայց հիմա հող էլ չեն առնում։ Ոսկեղեն էլ չունենք, ամբողջը վարկի համար է դրված։ Տնից միայն կինս է աշխատում։ Մորս թոշակով էլ կոմունալներն ենք մուծում, ես էլ հողագործությամբ եմ զբաղվում, բայց դա էլ… տարի կա կարկուտը խփում ա, ամբողջ բերքը փչանում ա, ու մնում են մենակ բանկերի վարկերը։ Ստեղ ապրելու իմաստ չկա»։

Սարգսյանները պետությունից ոչ մի սպասելիք չունեն և չեն էլ փորձում որևէ պետական կառույցի դիմել։ «Մենք աշխատում ենք պետության համար, իսկ պետությունը ամեն ինչ անում ա, որ տենա՝ ոնց մեզ քերի։ Ի՞նչ անենք, թողենք արտաքսվե՞նք, ոչ մեկս չապրե՞նք Հայաստանում։ Մենակ իրա՞նք մնան»։

Որպես պետական կառույցների վատ աշխատանքի օրինակ Սարգսյանը նշում է գյուղնախարարությունը։ «Գյուղնախարարությունը ոչ մի բանի ընդունակություն չունի։ Մենակ անունն ա գյուղնախարարություն։ Նախարարն էլ պետք ա թոշակի անցնի ընդհանրապես, չեմ հասկանում՝ ինչով ա զբաղվում ինքը։ Ամեն տարի գնում ա մի լավ սարքած այգի, թե տեսեք՝ ինչ բերք ունեն մեր գյուղացիները, բա թող գնա մյուս տեղերը նայի։ Էդքան փողեր են դուրս գրում, իբր գյուղացիներին փոխհատուցում տալու համար, բայց տենց բան չկա, մեզ ոչ մի կոպեկ երբեք նախարարությունից չի հասել»։