Home / Հայաստան / Հայաստանում ՄԻԵԴ-ի որոշումներն անտեսում են, սպանության գործը կրկին չեն քննում․ փաստաբան

Հայաստանում ՄԻԵԴ-ի որոշումներն անտեսում են, սպանության գործը կրկին չեն քննում․ փաստաբան

Մեկ ու կես տարի առաջ՝ 2015 թվականի մարտի 31-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստան» գործով վճիռ էր կայացրել ընդդեմ Հայաստանի և երկրի բյուջեից հօգուտ Նալբանդյանների գանձել ընդհանուր առմամբ 62000 եվրո։

Եվրոպական դատարանն ապացուցված էր համարել, որ 2004 թվականին Վարդենիսում իրենց դստեր համադասարանցու՝ Սյուզանա Սարգսյանի սպանության մեջ մեղադրվող վարդենիսցիներ Բագրատ և Նարինե Նալբանդյանին և նրանց դստերը՝ Արևիկ Նալբանդյանին, խոշտանգել են, խախտել են նրանց արդար դատաքննության և դատական մարմիններում պաշտպանության իրավունքը: Նոր քննություն, սակայն, չի նշանակվում, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Նալբանդյանը շարունակում է մնալ բանտում։

Ընտանիքի փաստաբան Սեդա Սաֆարնաը ՄԻԵԴ-ի արդարացման վճռից հետո դիմել է Վճռաբեկ դատարան՝ 2005 թվականի դատարանի որոշումը բեկանելու և նոր քննություն սկսելու համար։ Նրա խոսքով՝ անգամ ՄԻԵԴ-ի այդ վճռից հետո նոր քննություն չի տարվել․ «Գնում է թվացյալ գործընթաց, բայց դա այնքան անարդյունավետ է, որ որևէ ակնկալիք չի մնում, էնքան ձգձգում են, որ 14 տարի ազատազրկման դատապարտված Նարինեն, որը 12 տարի արդեն բանտում է, իր պատիժը կկրի, վերջացնի։ Հայաստանում ՄԻԵԴ-ի որոշումները բանի տեղ չեն դնում, հրատապություն չեն դրսևորում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանը։

«Ես մի քանի օր առաջ եղել եմ Վճռաբեկ դատարանում, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել, թե ինչու են գործը սառեցնում։ Չպատճառաբանված ձևով 1,5 տարի ձգձգվում է գործի լսումը։ Հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես են մեր դատարանները ընկալել Եվրոպական դատարանի վճիռը», -ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ անգամ ՄԻԵԴ-ի վճռից հետո ինքը ոչ մի լավ հեռանկար չի տեսնում Նարինե Նալբանդյանի գործի առումով։ Սաֆարյանը նշել է, որ կինը այժմ հոգեբանական ծանր վիճակում է․ «Նա անընդհատ ազատության սպասումների մեջ է»։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով գործին, գրել էր, որ «Վարդենիսում մինչև օրս պտտվում են այս գործով իրական մեղավորների անունները, որոնք պաշտոնյաների որդիներ են»։

Լուսանկարը՝ aiisa.am