Home / Հայաստան / Հարուստներն ընդդեմ աղքատների․ խաղողագործներին առաջարկում են «հետույք խաղացնել»

Հարուստներն ընդդեմ աղքատների․ խաղողագործներին առաջարկում են «հետույք խաղացնել»

Այս տարի խաղողի մթերումը սկսելու է սեպտեմբերի 15-ից, սակայն հայաստանցի խաղողագործները մինչև հիմա չգիտեն՝ արդյոք գործարանները մթերելու են խաղող, կամ վճարելու են մթերված խաղողի դիմաց, թե ոչ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը (լուսանկարում՝ ձախից)։

Գյուղացիները դեռ հիշում են նախորդ տարվա դառը փորձը. խաղողի բերքն առատ էր, սակայն գործարաններն անգամ խոստացված ծավալով խաղողը չէին մթերում, իսկ գործարանների մի մասն էլ մինչ օրս պարտք է նախորդ տարի մթերած խաղողի դիմաց։

Քննարկման մասնակից, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը (աջից՝ երկրորդը) նշել է, որ խաղողագործների և մթերող գործարանների հետ աշխատանքներ են տարվում։

«Դժվարություններ այս տարի էլ կլինեն», ֊ չի թաքցրել չինովնիկը։ Նա հստակ պատասխան չի տվել, թե որքան խաղող կմթերեն գործարանները և երբ կտան այս տարի մթերվող խաղողի գումարները։

Արտակ Սարգսյանը հիշեցրել է, որ 7-8 խաղող մթերող գործարաններ մինչ օրս չեն վճարել նախորդ տարի մթերված խաղողի դիմաց 1,5 միլիարդ դրամից ավել։ Խնդիրը Սարգսյանի կարծիքով՝ դա կապված է նրա հետ, որ մթերող գործարանները պայմանագրեր չեն կնքում խաղողագործների հետ, և, ըստ այդմ էլ, չկան պայմանագրային պարտավորություններ։ Մակարյանը նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունը չունի մեխանիզմներ ազդելու, որ ձեռնարկությունները անպայման պայմանագրեր կնքեն։

Քննարկման մեկ այլ մասնակից, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը (ձախից երկրորդը), իր հերթին, քննադատել է գյուղացիներին։

Նա կարծում է, որ խաղողագործների որդեգրած մեթոդը՝ ի նշան բողոքի ճանապարհ փակելը, «շոու-պոպուլիստական ներկայացումներ» է։ Նրա կարծիքով՝ գյուղացիները տարիների ընթացքում ոչինչ չեն արել իրենց տնտեսությունները զարգացնելու, դիվերսիֆիկացնելու համար և բավարարվել են միայն խաղող տնկել֊հանձնելով։

Հարությունյանը դժգոհել է, թե այն պայմաններում, երբ կոնյակի գինը միջազգային շուկայում նվազել է, կառավարությունը ստիպում է իրենց շատ խաղող վերցնել գյուղացիներից։

«Ո՞վ է խնդրում 5 հա խաղող տնկեք», – Հայաստանի գինեգործների միության նախագահը հարցրել է Արտակ Սարգսյանին։

Վերջինս հակադարձել է, թե խաղողագործներին խոստանում են խաղողը վերցնել, իսկ Հարությունյանն ասել է, թե այդպիսի բան չկա։

«Հայ գյուղացին դարեր շարունակ ցուցաբերել է իմաստություն, բայց էս պետությունը, էսպես ասած, մի քիչ բաց թողեց, ու գյուղացին էլ՝ էհ, դե ճանապարհ կփակեմ, խաղողս կվերցնեն», – ասել է Հարությունյանը։

Նա առաջարկել է, որ գյուղացիները ստեղծեն արհիմություններ և կոոպերատիվներ․ «Թող ստեղծեն կոոպերատիվներ, մի տարի հետույք խաղացնեն, իրենց թանկացնեն, հաջորդ տարի գները կբարձրանան»։

Գյուղատնտեսության փոխնախարարը համաձայնել է՝ նշելով, որ գյուղացին պետք է «մտքից հանի» ճանապարհ փակելը։

Քննարկման մեկ այլ մասնակից, Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը (լուսանկարում՝ աջից), ով անցյալ տարի մթերված խաղողի դիմաց դեռ գումարը չի ստացել, ասել է, որ իրական խնդիրն ավելի խորն է։ Ըստ նրա՝ հասարակ խաղողագործից խաղող չեն վերցնում, քանի որ հարուստների խաղողն են վերցնում։

«Էսօր գյուղացու խնդիրը էն ա, որ խաղող արտադրողները շատացան, մեծ գործարարները 200-300 հեկտար խաղող ունեն, նրանց բերքը վերցնում են, իսկ մեզ դուրս շպրտում։ Ինչո՞ւ դեպուտատը 300 հեկտար ունենա, Քոչարյանը (ենթադրաբար նկատի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին֊ խմբ․) ունենա ու բերքը մթերի։ Նա երեխա ունի, մենք չունե՞նք», ֊ ասել է Սոխակ Հովհաննիսյանը։