Home / Բանակ / Հին ազգի նոր պետությունը

Հին ազգի նոր պետությունը

Իսրայելը Հայաստանում հաճախ հիշատակվում է որպես ազգային պետության օրինակելի նախագիծ։ Զուգահեռներ են տարվում հայերի և հրեաների ճակատագրերի միջև. հին, ճնշված, ցեղասպանված, բարբարոս ցեղերին անդադար սանձող, տաղանդաշատ ազգ` թշնամիներով շրջապատված, սփյուռքն էլ մեջքին։ Թեպետ ակնհայտ է թվում, որ տարբերություններն անհամեմատ ավելի շատ են, քան ընդհանրությունները, «Իսրայելի հաջողված փորձը» շարունակում է պարբերաբար հիշատակվել որպես ընդօրինակելի: Epress.am-ը հրապարակում է ՑԱԽԱԼԻ նախկին սպա, «Ախդուտ»(«Միություն») շարժման մասնակից Իգալ Լևինի հարցազրույցն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Իսրայել պետության քաղաքական ռեժիմը և ինչի են հանգեցնում օկուպացիան և ապարտեիդը։

֊ Ի՞նչ ազդեցություն են ունենում Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը տարածաշրջանի վրա, ինչպե՞ս են իսրայելցիները հայտնվել օկուպացված/«վիճելի» տարածքներում և ինչպե՞ս են դրան վերաբերվում Իսրայելի իշխանությունները։

– Արևմտյան ափը օկուպացվել է Իսրայելի կողմից 1967 թվականին՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում։ Այն անեքսիայի չի ենթարկվել և մինչ օրս տարածքի 80%-ը գտնվում է իսրայելական բանակի ռազմական ադմինիստրացիայի վերահսկողության տակ։ 20%֊ը վերահսկվում է 1994 թվականին ստեղծված Պաղեստինի ինքնավարության (ՊԻ) կողմից։ Արևմտյան ափը բաժանված է A, B և C գոտիների: Պաղեստինի ինքնավարությունը վերահսկում է միայն A գոտին։ Դա հենց նշված 20%֊ն է։ Մնացած գոտիները վերահսկում է Իսրայելի բանակը։ Այնտեղ գտնվող պաղեստինցիներն ապրում են ռազմական ռեժիմի տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: ՊԻ հսկողության տակ գտնվող 20%-ն հիմնականում քաղաքներ և բնակավայրերի խոշոր կոնգլոմերատներ են: Նրանք աշխարհագրորեն տարանջատված են և փաստացի գետոներ են հանդիսանում, որոնք լքելը շատ դժվար է։ Ելքն ու մուտքը վերահսկվում է ռազմական ադմինիստարցիայի կողմից։ Արևմտյան ափից դուրս գալը մեծ հաշվով գրեթե անհնար է՝ խնդրանքների 99%-ը մերժվում են։

Այդ տարածքում ապրում է 2֊2.5 մլն պաղեստինցի և մոտ 350 հազար իսրայելցի (վերաբնակներ) կամ, ինչպես պաղեստինցիներն են կոչում, գաղութաբնակներ։ Գաղութ֊բնակավայրերն այնտեղ սկսեցին կառուցել անմիջապես 67 թվից հետո։ Իսրայելի իշխանությունները բնակավայրերին լավ են նայում, քանի որ դրանք, փաստացի, պետական նախագիծ են։ Բնակավայրերը կառուցվում են բանակի պաշտպանության ներքո։ Կյանքն այդ տարածաշրջանում բավականին վտանգավոր է, ինչի պատճառով վերաբնակների ճնշող մեծամասնությունը գաղափարական է, հարում է այլ ազգերի՝ «գոյերի», հանդեպ «հրեական ռասայի» գերակայության գաղափարին. նրանցից շատերը կենսախոսականներ են, ովքեր հրեաներին ռասա են համարում, եբրայերենով՝ «գեզա»։ Քաղաքական առումով նրանք հակադրվում են ժամանակակից Իսրայելին, համարում են այն չափից ավել փափուկ և «ձախական»։ Փոխարենը նրանք ցանկանում են տեսնել Հուդայի կրոնապետական թագավորություն՝ գալախայի (կրոնական օրենսդրության) օրենքներով։

Տնտեսության առումով նրանց հայացքները հաճախ մոտ են այսպես կոչված նացիոնալ֊անարխիզմին։ Այսինքն՝ մաքսիմալ ինքնավարություն և միապետի/առաջնորդի կողմից առանձին բնակավայրերի գործերին միջամտության բացակայություն։ Չնայած վերաբնակները Արևմտյան ափում բացարձակ փոքրամասնություն են կազմում, նրանք զավթում են լավագույն հողերը, ունեն տեղաշարժման (այդ թվում նաև Արևմտյան ափը լքելու) և զենք կրելու ազատություն։ Նրանց պաշտպանում է բանակը, իսկ ընդերկրյա ջրային ռեսուրսների մեծ մասը՝ շուրջ 80%, նրանց է բաժին ընկնում կամ գնում է Իսրայել։ 113 հազար պաղեստինցիներ ընդհանրապես ջրին ուղիղ միացում չունեն։ Վերաբնակների կենսամակարդակն անհամեմատ ավելի բարձր է անգամ «միջին ապրող» պաղեստինցիներից։

GtdAqFjLvpQ

Պաղեստինցիների միլիոնավոր բնակչությունը բաղկացած է հիմնականում գյուղացիներից և ֆերմերներից։ 20% կազմող քաղաքային գոտուց դուրս ապրողները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Հիմնական եկամուտը (Իսրայելում աշխատելուց բացի) ստանում են ձիթապտղի բերքահավաքից և անասնաբուծությունից։
Վերաբնակները պարբերաբար այրում են ձիթապտղի այգիները, գիշերները մորթում են կենդանիներին, կրակում և ծեծում պաղեստինցիներին, որպեսզի նրանց կյանքը դարձնեն անհնար և ստիպեն լքել Արևմտյան ափը (օրինակ, Հորդանան փախնեն)։ Բանակը ոչինչ չի անում իսրայելցիներին կանգնեցնելու համար, հաճախ նույնիսկ օգնում է։ Քանի որ տարածքների 80%-ը որևէ իրավական համակարգի ազդեցության տակ չի գտնվում (դա Իսրայելի տարացքը չէ), «մեղավորներին» դատում է իսրայելական բանակը կամ ռազմական դատարանը։ Օրինակ, ընդամենը կասկածանքի հիման վրա կամ նույնիսկ առանց որևէ մեղադրանք առաջադրելու կարող են վարչական կալանք կիրառել մինչև 6 ամիս ժամկետով՝ առանց հարազատների և փաստաբանի հետ տեսակցության իրավունքի։ Ձեռբակալման Ժամկետի լրանալուն պես մարդուն կարող են կրկին ձեռբակալել՝ անմիջապես ազատ արձակելուց հետո, և դա կարող է անվերջ կրկնվել։ 2015-ի տվյալներով նման կալանավորվածների թիվը հասնում է 500-ի։ Ռազմական դատարանի որոշմամբ նստածների հետ միասին նրանց թիվը հասնում է 6000-ի։

Այդ տարածքներում արգելված են նաև ցույցերը, արհմիությունները և ընդհանրապես որևէ հասարակական֊քաղաքական գործունեություն, որը պահանջում է պետության կողմից կարգավորում: Այդուհանդերձ մասսայական ինքնաբուխ ցույցեր, որոնք սակայն կարող են ցանկացած պահի կոպտորեն ցրվել, հաճախ են տեղի ունենում: Կարծում եմ, կարիք չկա նշել, որ ազատ շուկա և կայուն տնտեսություն այնտեղ նույնպես չկա. շուկայի համար անհրաժեշտ է զարգացած պետություն իբրև իրավարար և կարգավորիչ։ Դրանից ակտիվորեն օգտվում է Իսրայելը, շահագործելով հարյուր հազարավոր պաղեստինցի աշխատավորների կանաչ գծից (67 թվի սահմանից) այս կողմ՝ Իսրայելի տարածքում։ Մարդկանց ամեն օր ներս են թողնում զուտ աշխատանքի համար՝ երեկոյան իրենց գետոն վերադառնալու պարտավորությամբ։

MRo7b4oHeA0

Շահագործման պայմանները մոտավորապես XIX դարի Եվրոպայի մակարդակի են։ Պաղեստինցիները չեն կարող անդամակցել իսրայելական արհմիություններին և ոչ մի կերպ ապահովագրված չեն, աշխատում են առանց կոլեկտիվ պայմանագրի։ Սովորաբար դա ցածր որակավորում պահանջող աշխատանք է (շինարարություն, գյուղատնտեսական աշխատանքներ, բեռնափոխադրում և այլն), իսկ աշխատանքային պայմանները ծայրահեղ ցածր են։ Մի շարք իսրայելցի իրավապաշտպաններ նշում են, որ դա գրեթե ստրկություն է։ Օկուպացված տարածքներում տնտեսության մեծ մասը կազմակերպվում է իսրայելցի գործարարների կողմից՝ թե անմիջականորեն, թե պաղեստինցի կապալառուների միջոցով։ Շրջանառվում է իսրայելական տարադրամը։

֊ Ինչի՞ հետ են կապված պաղեստինցի դանակավորների հարձակումները։ Որքանո՞վ է մասսայական, ըստ քեզ, այդ երևույթը, ո՞ր կազմակերպություններն և/կամ գաղափարախոսներն են կանգնած դրա հետևում։

Խթանիչ են հանդիսացել հետևյալ իրադարձություններ.

1. Երուսաղեմի Տաճարի լեռան տարածքը ոստիկաններով, բանակայիններով, գվարդիականներով և ժանդարմներով հեղեղելը. նրանք չարդարացված կոպիտ ուժ էին կիրառում աղոթողների նկատմամբ։
2. Պաղեստինցի ընտանիքի՝ այդ թվում փոքր երեխայի, հրկիզումը հրեա վերաբնակների կողմից։
3. Զինվորների կողմից անզեն աղջկա սպանությունը Խևրոնի անցակետերից մեկում։
Տաճարի լեռան ջարդերի շարունակությունը և տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունները խթանեցին ինչպես բողոքի ալիքի զարգացումը, այնպես էլ իսրայելցիների վրա զինված հարձակումները։ Ընդ որում՝ հարձակումները զանգվածային չեն։ Սա ինտիֆադա չէ, թեպետ հաճախ է այդպես անվանվում, և զանգվածային ապստամբություն չէ, որի հետևում կարող էր ինչ֊որ մեկը լինել։ Սպանված պաղեստինցիների մեծ մասը, որոնց իսրայելական ԶԼՄ֊ները որպես տեռորիստ են ներկայացնում, ընդհանրապես ոչ ոքի վրա չեն հարձակվել (դա նույնիսկ իսրայելական ուժերն են ընդունում)։ Հարձակվողների մեծամասնությունը անհատներ են, որոնք ապրում են անտանելի պայմաններում։ Նույնիսկ ՇԱԲԱԿի (իսրայելական ԿԳԲ) վերջերս հրապարակված զեկույցում նշվում է, որ հարձակումները, ամենայն հավանականությամբ, հաճախ ինքնասպանության ձև են եղել։ Եվ միայն եզակի դեպքերում հարձակվողները կապ ունեն Համաս կամ Իսլամական ջիհադ շարժումների հետ։

֊ Ի՞նչ ազդեցություն է ունենում ներկա սրացումը իսրայելական քաղաքական իրավիճակի վրա։ Ճգնաժամից դուրս գալու համար ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում քաղաքական գործիչները և որո՞նք են հավանության արժանանում։

Իսրայելի հասարակությունը ահավոր վախեցած է և ջղագրգիռ։ Քաղաքական գործիչները տարբեր բաներ են առաջարկում. աջերն ու ցենտրիստները ասում են, որ ծայրահեղականները վաղ թե ուշ կվերջանան և ձեռքի հետ «ձգում են պտուտակները», ձախերը խնդրի լուծումը տեսնում են Արևմտյան ափի առանձնացման, բանակի դուրս բերման և այնտեղ լիարժեք Պաղեստինի պետության ստեղծման մեջ։
XahryQ1a9vI

֊ Իսկ ըստ քեզ, ո՞րն է խնդրի լուծումը։

Կոնկրետ դեպքերի վերաբերյալ, թե՞ ընդհանրապես։

Իրականում, երկու հարցի պատասխանն էլ մեկն է․ Իսրայելի փողոցներում անվտանգության խնդիրը լոկալ լուծում՝ առանց Արևմտյան ափի օկուպացիայի վերացման, չունի։ Հենց օկուպացիան ու դրանից բխող աղքատությունը, շահագործումը, ազգային և սոցիալական խտրականությունն է հրահրում փողոցային բախումները:

Այստեղ երկու ճանապարհ կա․ Արևմտյան ափից վերաբնակների և բանակի դուրս բերումը (որը կարող է հանգեցնել երկու պետությունների ստեղծմանը) կամ, հակառակը, տարածքի լիարժեք անեքսիան՝ բոլոր բնակիչներին քաղաքացիության և իրավունքների տրամադրմամբ (միացյալ արաբա֊հրեական պետության ստեղման ձևերից մեկը)։ Քանի դեռ Իսրայելը այնպիսին է, ինչպիսին կա (ազգայնական, ռասիստական, միլիտարիստական պետություն, ապարտեիդի պետություն), կման նաև պաղեստինցիների ընդվզումը։

Ինչ վերաբերում է միացյալ ոչ-ազգայնական ժողովրդավարական հասարակության ստեղծմանը՝ դա հենց հակասիոնիստական կամ պոստսիոնիստական դիրքորոշումն է, որին մենք հարում ենք։ Ցավոք, ակնկալել, որ այս փոփոխությունները կնախաձեռնվեն վերևից, իրատեսական չէ։ Ոչ մի ուժ, ոչ մի կուսակցություն դրան չի գնա, քանի որ Իսրայելի «վերաձևավորումը» դեպի համազգային, աշխարհիկ, քաղաքացիական նախագիծ փաստացի կնշանակի ներկա Իսրայելի ավարտը։ Նախևառաջ այն պատճառով, որ հրեաները Պաղեստինում մեծամասնություն չեն կազմում, նույնիսկ եթե հաշվի չառնենք Նակբաի ժամանակ աքսորված փախստականներին։ Քանի որ հրեաները, որպես քաղաքական ազգ, շատ են համը հանել և իրենց դեմ են տրամադրել Պաղեստինի ողջ բնակչությունը, ակնառու է, որ ավելի արդար քաղաքական համակարգի ձևավորման ընթացքը չի կարող անարյուն անցնել։ Բայց այլընտրանքը մեկն է՝ լուռ աջակցել այն զզվելի և անընդհատ վատթարացող վիճակին, որում Իսրայել-Պաղեստինը գտնվում է հիմա։

«2 պետություն` 2 ժողովուրդ» կոնցեպտը կենսունակ չէ մի քանի պատճառներով։ Մասնավորապես, այդ դեպքում Արևմտյան ափը, ինչպես նախկինում, տնտեսապես ամբողջությամբ կախման մեջ կլինի Իսրայելից։ Բացի այդ, Արևմտյան ափը ցամաքային կապ չունի Գազայի սեկտորի հետ։ Այնտեղ դե-ֆակտո արդեն իսկ կա «պետություն»՝ ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ, որը, նույնիսկ եթե աշխարհագրական հնարավորություն լիներ, ոչ մի դեպքում չէր համաձայնի միանալ Արևմտյան ափի հետ, քանի դեռ այնտեղ իշխում է ՖԱԹՀ-ը։ Իսրայելն իր հերթին երբեք թույլ չի տա իշխանության գալ ՀԱՄԱՍ-ին հարող որևէ ուժի։ Այսինքն խոսքը կգնա արդեն երեք՝ կասկածելի անկախությամբ պետությունների մասին, ինչը զառանցանքի է նման։ Եվ ամենակարևորը՝ երկու պետության կոնցեպտը չի լուծում փախստականների և նրանց հետնորդների խնդիրը։ Նրանք աքսորվել են 1948 թվի՝ այսինքն այժմյան Իսրայելի տարածքներից։ Փախստականներին ընդունելու տնտեսական հնարավորություն, չնայած դժվարությամբ, բայց Իսրայելն ունի, սակայն այս դեպքում, կրկին, կխաթարվի վերջինիս հրեական բնույթը։

Նրանք, ում համար պետության ազգային բնույթը կարևոր չէ, կողմ են միացյալ, ինտերնացիոնալ և աշխարհիկ քաղաքական միավորի ստեղծմանը։ «Երկու պետության» կոնցեպտն էլ, հետևաբար, հանդիսանում է ազգայնական և/կամ կղերական։ Իսրայելի անարխիստների մեջ չկա մեկը, ով կաջակցեր «two state solution» գաղափարին։ Պաղեստինյան մեզ մտերիմ ակտիվիստների մեծամասնությունը ևս միության կողմնակից է։ Միության կողմնակիցների մի մասը նախագիծը դիտարկում է որպես պետություն, մի մասն էլ՝ որպես նոր ժողովրդավարական հասարակական կարգ: «Ախդուտ»-ի անարխիստները, բնականաբար, տեսնում են այն որպես անպետական և անդասակարգային կազմավորում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդունել, որ նույնիսկ պետության ձևաչափով նման նախագիծը տեղի ժողովուրդներին կտա անհամեմատ ավելի շատ ազատություն և հնարավորություններ։ Այդ պատճառով է, որ մենք չենք սահմանազատվում դրա կողմնակիցներից: Վերաձևակերպելով Բակունինին, մենք կարծում ենք, որ ամենաթերի աշխարհիկ, ժողովրդավարական հասարակությունը հազար անգամ ավելի լավն է, քան ամենաառաջադեմ ազգայնական ու կղերական հասարակությունը։

Եթե անկեղծ լինենք, ռադիկալ պացիֆիզմի տեսանկյունից իրավիճակն այստեղ փակուղային է․ ցանկացած շարժում (ինչպես նաև տեղում մնալը) կլինի արյունալի։ Պատմության մեջ նմանատիպ դեպքեր շատ են եղել։ Օրինակ, Հռոմեական կայսրությունը և Դանուբի գոթական ինքնավարությունը։ Թե ինչի վերածվեցին խաղաղ հողագործ գոթերը և ինչ արեցին Հռոմի հետ, լավ հայտնի է։

Բնականաբար, դա չի նշանակում, որ կարելի է աջակցել միայն զինված պայքարին։ Գոյություն ունեցող պայքարի ուղղություններից մեկը համագործակցության մշակույթի կառուցման փորձն է՝ այն իսրայելցիների և պաղեստինցիների միջև, ում համար քաղաքացիությունը կարևոր չէ։ Դա նշանակում է, որ պաղեստինյան պայքարի գաղափարին աջակցող իսրայելցիները արմատական փոփոխությունների ժամանակ պաշտպաններ կունենան ՝ ի դեմս իրավապաշտպան ՀԿ-ների և այլ none-violence կազմակերպությունների (որոնք այսօր իսկ հանդես են գալիս տեղական իշխանությունների դեմ), ինչպես նաև խնդրին ոչ անտարբեր առանձին ընտանիքների։ 60-ականներից սկսած որոշ իսրայելցի ձախեր, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական իրավապաշտպան կազմակերպություններ աշխատում են ստեղծել նման մշակույթ, սակայն հաջողությունները դեռ քիչ են։

Մեզ երբեմն մեղադրում են, այսպես կոչված, ազատագրական ազգայնականության մեջ, սակայն նույնիսկ եթե մոռանանք «պաղեստինցի» բառը, որն ուղղակի օգտագործում ենք հարմարության համար, և կենտրոնանանք բացառապես դասակարգային պայքարի տերմինաբանության վրա, ապա անկասկած կգանք նույն եզրակացություններին․ կա ինչ-որ ճնշված\հալածվաց աշխատավոր բնակչություն, որն ապրում է փակի տակ՝ ռազմական ռեժիմի ենթակայության ներքո, զրկված է իրավունքներից և ենթարկվում է դաժան խտրականության։ Ի՞նչ անել։ Լվանալ ձեռքերը միայն այն պատճառով, որ այդ գետոյի գազազած բնակչությունը ուշ թե շուտ, պահակախմբից բացի, կթիրախավորի նաև խաղաղ բնակիչների՞ն։

Ի՞նչ կարող են անել անարխիստները։ Ինձ համար պատասխանն ակնհայտ է․ իրավիճակի պայթյունավտանգ լինելով հանդերձ՝ չաջակցել ռասիստական և միլիտարիստական ռեժիմին։ Բոլոր ժամանակներում անարխիստների ճշմարիտ դիրքորոշումը ճնշվածների կողքին լինելն է, նույնիսկ եթե ճնշվածները սխալ պայքարի միջոց են ընտրել։ Եթե Իսրայելի փլուզման արդյունքում սկսվեն հրեաների ջարդեր, կպահանջվի ամբոջ ուժը ներդնել պաշտպանելու համար նրանց՝ ովքեր այս անգամ կլինեն փոքրամասնություն։ Ես ապրում եմ Հայֆում, դա արաբա-հրեական քաղաք է։ Եթե նման բան պատահեր, ես կփորձեի կազմակերպել հրեա-արաբական (որովհետև Իսրայելի արաբներն էլ անմասն չեն մնա ջարդերից) ինքնապաշտպանություն, միգուցե, միլիցիա, պաշտպանելու համար խաղաղ բնակչությունը ատելության վրա հիմնված բռնությունից։ Այս փուլում անարխիստները (և ընդհանրապես բոլոր ազնիվ մարդիկ) պետք է լինեն նրանց կողմից, ում հետ սիոնիստական ռեժիմն անմարդկային է վարվում։

– Ի՞նչ կասես իսրայելական հասարակության մասին։ Որքանո՞վ է այն աջացել 80-90-ական թվականներից սկսած։

– Այն երբեք էլ չի եղել ձախ։ Իսրայելը 50-80-ականներին է եղել «ձախական»՝ այն էլ միան տնտեսական առումով։ Բնակչությունը միշտ էլ ռասիստական վերաբերմունք է ունեցել արաբների նկատմամբ, ազգայնական գաղափարախոսությունը միշտ էլ լուրջ տեղ է գրավել։

– Այս պահի դրությամբ որքանո՞վ է մարգինալացված հակաօկուպացիոն դիրքորոշումը։ Այն հրեաներից, ում հանդիպել եմ, ամենաքիչը երեքը փոշմանել էին, որ ծառայել են բանակում։ Արդյո՞ք նման դեպքերը նախկին զինվորականների մոտ հաճախակի բնույթ են կրում։

– Կա կազմակերպություն – «Շովրիմ Շթիքա» («Լռություն խախտողները»)։ Դա զինվորականներ են (հիմնականում սպաներ և հրամանատարներ), ովքեր ուզում են իսրայելական հասարակությանը հասցնել ճշմարտությունը՝ Արևմտյան ափում «բանակի» (ավելի ճիշտ, իսրայելյան օկուպացիոն ուժերի) գործունեության և օկուպացված տարածքներում կյանքի մասին, պահանջում են Արևմտյան ափից իսրայելական ուժերի դուրսբերում։ Նրանք մեծամասամբ չեն հանդիսանում Իսրայելի գոյության հակառակորդներ, շատերը նույնիսկ շարունակում են ծառայել բանակում, բայց նրանք բոլորը դեմ են օկուպացիային, և դրա հետևանքով Պաղեստինում առաջացած վիճակին։ Ամեն դեպքում հակաօկուպացիոն դիրքորոշումը բավականին մարգինալացված է։

– Ի՞նչ կարոք ես ասել պաղեստինյան կազմակերպությունների մասին։ Մասնավորապես, ինչպիսի՞ն է պաղեստինյան խոշոր կուսակցությունների քաղաքականությունը և ի՞նչ են անում այս իրավիճակում պաղեստինյան անարխիստները։

– Պաղեստինյան փողոցը վերահսկվում է 4 խոշոր ուժերի կողմից…

ՖԱՏՀ. Արևմտյան ափում Պաղեստինյան ինքնավարության առաջնորդները, չափավոր աշխարհիկ ազգայնականներ ու տնտեսական լիբերալներ են։ Կարծես, ՊԻ մեզ քիչ թե շատ մոտ ակտիվիստները ՖԱՏՀ-ը համարում են Իսրայելի խամաճիկը, թեպետ ներկա պայմաններում նման խոշոր կուսակցության քաղաքական անկախության հարցը ամեն դեպքում մնում է բաց։
ՀԱՄԱՍ. չափավոր սուննի-իսլամիստներ են, պաղեստինցիների կողմից հաճախ դիտարկվում են որպես դիմադրության ներկայացուցիչներ։ ՀԱՄԱՍ հապավումը հենց այդպես էլ վերծանվում է ՝ «Դիմադրության իսլամական շարժում»։
«Պաղեստինում Իսլամական Ջիհադ». ռադիկալ սուննի-իսլամիստներ են։
«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդավարական ճակատ». աշխարհիկ մարքսիստներ են՝ մաոիստական թեքումով, և ազգայնականներ (ոչ թե էթնիկ, այլ քաղաքացիական ազգ իմաստով)։ ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգահեռ նրանց ազգայնական բաղադրիչը էապես ճնշեց մարքսիստականին, սակայն այնուամենայնիվ նրանց ստորին շերտերում կան խելքը գլխին արմատական ձախեր։ Անարխիստների մեծամասնությունը միանում է «ՊԱԺՃ» -ին ու «ՊԱԺվՃ» -ին. ՊԻ-ում գրեթե անհնարին է փոքր քաղաքական կազմակերպության անդամ լինել, որը չունի լուրջ «թիկունք»։ Մյուս պատճառը կայանում է նրանում, որ բացի իսրայելական ռեժիմի դեմ զինված պայքարից, այս կազմակերպությունները զարգացնում են արհմիութենական և ուսանողական նախաձեռնությունների ցանցեր, որոնց գործունեությանն ակտիվորեն մասնակցում են անարխիստները։

Կուսակցությունների հետ մեկտեղ կան մեծ թվով տարբեր իրավապաշտպան և մշակութային կազմակերպություններ, որոնք բարձրաձայնում են քաղաքական իրավիճակի մասին։ Մեզ համակրելիներից է Addameer ՀԿ-ն, որը պայքարում քաղբանտարկյալների իրավունքների համար; Youth Against Settlements հսկայական աֆֆինիթի-խումբը Հեբրոնում, որը պաշտպանում է տեղացիներին վերաբնակների և իսրայելյան օկուպացիոն ուժերի հարձակումներից; ինչ-ինչ վերապահումներով՝ International Solidarity Movement-ը՝ միջազգային դիտորդներ, ովքեր փաստագրում են վերաբնակների և զինվորականների հանցագործությունները; սոցիալ-քաղաքական «Ազատության թատրոն»-ը Ջենինում, որը զբաղվում է, մասնավորապես, անմխիթար վիճակում գտնվող երեխաներին և պատանիներին ապաստան տրամադրելով։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ գործնականում ցանկացած միավորում, որը իր մեջ ներառում է աշխատանք ԶԼՄ-երի հետ, լինի դա թատրոն, արվեստագետների համայնք թե կոոպերատիվ, ինչ-որ չափով քաղաքական է։ Նման կազմակերպությունների մասնակիցների մեծամասնությունը մեզ հարազատ «one state solution»-ի կողմնակիցներ են։

– Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանայիր ավելացնել։

– Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում – կոլեկտիվ պատիժ է։ Գլխումս չի տեղավորվում՝ ինպես կարող է ազնիվ մարդը աջակցել դրան։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դա գետո է, որտեղ պարբերաբար կազմակերպում են ամայացնող ջարդեր:

Հատկապես ծիծաղելի է մոտեցումը «համաչափության» դիրքից։ Իբր հրեաները, իհարկե, վատն են, բայց արաբներն էլ մի բարի պտուղը չեն։ Չնայած տարբերությունը՝ գերազանց բանակով և միջազգային լոբբիով հայ-թեք Իսրայելի և Արևմտյան ափի հետ միասին ճնշված Գազայի սեկտորի միջև ակնհայտ է։ Ճնշողներն ու հալածողները, իհարկե, տղամարդիկ են, բայց կանայք ևս անմեղ չեն, այդ պատճառով եկեք մի կողմ դնենք ֆեմինիզմը և ուղղակի աջակցենք բռնության զոհերին՝ անկախ սեռից։ Նման մոտեցումը աղոտ է դարձնում ագրեսսոր հասկացությունը և ոչ մի կերպ չի օգնում խնդիրը լուծել (ավելի ճիշտ լեգիտիմացնում է այն լուծելու ցանկության բացակայությունը)։

Tekali Taxi