Home / Ազգային ժողով / ԱԺ էթիկայի հանձնաժողովը չկայացավ․ այն էլ ավելի կթուլանա նոր ԱԺ֊ում

ԱԺ էթիկայի հանձնաժողովը չկայացավ․ այն էլ ավելի կթուլանա նոր ԱԺ֊ում

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը չկայացավ ու հաջորդ գումարման ԱԺ֊ում էլ ավելի կթուլանա։ Այս մասին այսօր, ամփոփելով իրենց դիտարկումը, «Մեդիա֊կենտրոն» ասել են ԱԺ֊ի մոնիտորինգ ծրագրի մասնագետները։

Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը 10 նստաշրջաններում հանձնաժողովի աշխատանքի դիտարկումից եզրակացրել է, որ Էթիկայի հանձնաժողովը վերածվել է պատգամավորների վարքը գնահատող կառույցի և լրիվ երկրորդ պլան է մղվել դրա առավել կարևոր գործառույթը՝ շահերի բախման, պատգամավորների ձեռնարկատիրական գործության զբաղվելու արգելքով հետամուտ լինելու գործառույթը։ Այս հարցերով ընդամենը երկու դիմում է եղել Էթիկայի հանձնաժողով՝ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գործունեության վերաբերյալ, երկու դիմումն էլ մերժվել են։

Փոխարենը հանձնաժողովը քննել և ճանաչել է 7 էթիկայի խախտման դեպք, երբ պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն։

Պատգամավորների վարքին են վերաբերել նաևմյուս որոշումները․ հանձնաժողովը ճանաչել է ՀՀԿ֊ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից էթիկիայի կանոնների խախտումը՝ երեք դեպքով, Մհեր Սեդրակյաին կողմից՝ երկու դեպքով, Սամվել Ալեքսանյանի կողմից՝ մեկ դեպքով։

ԱԺ֊ում դիտարկում անցկացրած փորձագետ Գոռ Աբրահամյանի համաձայն, ԱԺ նոր կանոնակարգով Էթիկայի հանձնաժողովը կձևավորվի՝ ըստ յուրաքանչյուր դեպքի։

«Այսինքն՝ եթե մեկ նստաշրջանի ընթացքում 7 դիմում լինի, միաժամանակ 7 հանձնաժողով պետք է աշխատի։ Բացի դա, նիստերը լինելու են միանշանակ դռնփակ։ Ովքեր են դիմելու՝ հնարավոր չի գտնել։ Եթե հիմա կան էթիկայի կանոնները, որոնք ունեն օենքի կարգավիճակ, կարգավիճակը իջեցվելու է, հավանաբար, ենթաօրենսդրական ակտերի»,֊ ասել է Աբրահամյանը։