Home / Առողջապահություն / Նախարարը չի հանդիպում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Նախարարը չի հանդիպում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Արդեն 4 ամիս է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի ընդունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ նրանց խնդիրները լսելու համար։

Հոգեկան առողջության խնդիր ունեցող տասնյակ մարդիկ մարտի 2-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքում էին գործադիրի որոշման դեմ, որով փետրվարի 15-ից դադարեցվել է արտահիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդներին «Զիպրեքսա» դեղի տրամադրումը՝ այն փոխարինելով «Օլանզապին» դեղով։

Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ՝ պնդելով, որ «Զիպրեքսա» դեղի փոխարինումը «Օլանզապին» դեղով կրկին վատացնելու է մարդկանց վերականգնված առողջությունը և նրանք նորից հայտնվելու են հոգեբուժարաններում։

«Մենք ամեն անգամ հավաքվում ենք Կառավարության մոտ, որ Առողջապահության նախարարը մեզ ընդունի, բայց ոչ մի անգամ չի ընդունել ու չի լսել մեզ։ Երկու շաբաթ առաջ, երբ վարչապետի օգնական Գևորգ Մուրադյանի մոտ էի հանդիպման, ասաց, որ պետությունը գումար չունի և այդ ծրագիրը չի վերականգնվի։ Կլինի միայն ջեներիկ դեղը, որը կստանան մոտ 300 շահառուներից 100-ը, իսկ ծրագրում ընդգրկված 200 հոգին ինչ են անելու՝ պարզ չի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի» տնօրեն Կարինե Թուխիկյանը։

Նա նշել է, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին և հույս ունեն, որ ի վերջո Կառավարությունը կլսի իրենց պահանջն ու կվերականգնի «Զիպրեքսա» դեղը տրամադրելու ծրագիրը։

Epress.am-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նաև Առողջապահության նախարարությունից։ Նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը նշել է, որ «Զիպրեքսա» դեղի տրամադրումը դադարեցվել է նախարարության ծախսերը հնարավորինս նվազեցնելու և դրանք ավելի նպատակային ծախսելու համար։

Նրա խոսքով՝ նախարարությունը «Զիպրեքսա» դեղի 10 միլիգրամանոց մեկ հաբը ձեռք էր բերում 1130 դրամով, այնինչ Հայաստանում արտադրվող օլանզապին պարունակող դեղը 8 անգամ ավելի էժան է և10 միլիգրամանոց մեկ դեղահաբն արժե 144 դրամ։ Նախկինում, ասել է զրուցակիցը, միայն «Զիպրեքսա»-ն էր ներկրվում, քանի որ դա էր գրանցված։

«Հայկական արտադրության «Օլանզապին» դեղը խմում են հարյուրավոր հիվանդներ և ոչ մի գանգատներ չկան։ Իսկ մոտ 100 հիվանդներ, որոնց մոտ հայկական արտադրության «Օլանզապին» դեղից կողմնակի երևույթներ են առաջանում, և նրանց օրգանիզմը պարզապես չի ընդունում այդ դեղը, նրանց տրամադրվում է այլ երկրի արտադրության օլանզապին պարունակող դեղահաբ»,- նշել է Մկրտչյանը։

Նախարարի օգնականը պարզաբանելով նաև այն հարցը, թե ինչու Լևոն Ալթունյանը չի ընդունում բողոքի ակցիաներ անցկացնող մարդկանց, նշել է, որ նրանց ընդունում են նախարարության համապատասխան մասնագետները, ովքեր ուղիղ իրավասություն ունեն նախարարին զեկուցելու, թե ինչի մասին է խոսքը, և նախարարը տեղյակ է խնդրից։

Նշենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ Կառավարության, ՀՀ Առողջապահության նախարարության դիմաց, սակայն նրանց խնդրին ոչ մի լուծում չի տրվել։ Նրանք նաև հայտարարել էին, որ հրաժարվում են մասնակցել այս տարվա ապրիլին անցկացվող խորհրդարանական ընտրություններին, քանի որ այլևս չեն հավատում պետությանը։

Ի դեպ, «Զիպրեքսա» դեղին փոխարինող նոր «Օլանզապին» դեղամիջոցը, ըստ Hetq.am-ի հետազոտության, արտադրում է հայկական «Արփիմեդ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենը Վաչագան Ղազարյանն է։ Սակայն նրան են պատկանում ընկերության բաժնետոմսերի 97%-ը, իսկ մնացած 3%-ը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդի, Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին։